ՔՈ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների եւ թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ միջոցառումների եւ տարբեր ծրագրերի իրականացման համար 2008 թվականի հունիսին ստեղծված մի հիմնադրամի ֆինանսավորումն առավելապես իրականացվել է հիմնադրամի ԱՄՆ ինկորպորացիայի կողմից, իսկ արդեն 2018 թվականի սկզբներից՝ նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ եւ կազմակերպչական, այդ թվում՝ դրամական միջոցների տնօրինման լիազորություններով, հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 թվականից 2021 թվականի ընթացքում կազմակերպել եւ իրականացրել է մի շարք ֆինանսական գործարքներ, որոնց շրջանակներում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 41 միլիոն 900 հազար դրամից ավելի գումար:
Մասնավորապես, հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցների եւ մենեջեր-վարորդների առկայության պայմաններում հիմնադրամի տնօրենը ուղեւորափոխադրումների ծառայություն իրականացնող մի ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերին անժամկետ կնքել է հիմնադրամի աշխատակիցների կանչով շուրջօրյա սպասարկման համար մարդատար տաքսի ավտոմեքենանների տրամադրման վերաբերյալ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ 2018-ի սեպտեմբերին, որպես ֆիզիկական անձ, ամուսնու եւ նրան պատկանող, զբոսաշրջության կազմակերպման գործունեություն իրականացնող ընկերության հետ 2020թ. նոյեմբերին կնքել է նմանատիպ ծառայությունների վճարովի մատուցման 2 պայմանագիր։ Նշված պայմանագրերի շրջանակներում հիմնադրամի տնօրենի ամուսնու եւ նրան պատկանող ընկերության կողմից փաստացի ծառայություններ մատուցված չլինելու, իսկ առաջին ընկերության կողմից ծառայությունները ոչ ամբողջ ծավալով մատուցած լինելու պայմաններում հիմնադրամի ֆինանսական միջոցներից 2016-2021 թվականների ընթացքում ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել եւ այդկերպ հափշտակվել է շուրջ 8 միլիոն դրամ։
Բացի այդ, հիմնադրամի տնօրենը միեւնույն անձին պատկանող Ա/Ձ-ի եւ ընկերության հետ տարբեր տարեթվերի կնքել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների մատակարարման 2 պայմանագիր, որոնց շրջանակներում մատակարար կազմակերպության կողմից 2018-2021 թվականների ընթացքում ընդամենը 15 միլիոն 700 հազար դրամ գումարի ապրանք մատակարարելու պայմաններում հիմնադրամի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված ապրանքացուցակների հիման վրա դուրս գրված հաշիվ ապրանքագրերով մատակարար կազմակերպությունների հաշվեհամարներին է փոխանցվել ընդհանուր 49 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար, որից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 33 միլիոն 916 հազարը կանխիկացնելու եւ առձեռն վերադարձնելու եղանակով հափշտակվել է։
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար:
Ն. Պ.
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՎ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՈՍԿԵՂԵՆ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ
ՀՀ քննչական կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր: Երեւանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր եւ հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս:
Մասնավորապես, պարզվել է, որ 2020-2021թթ. ընթացքում հիշյալ տղամարդը Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` «GAG Yan», «GAGO YAN» եւ «Gagik Avetisyan» անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` «Gagik Asatryan» անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, վերջիններիս ամուսնանալու կեղծ խոստումներ տալով՝ ձեռք բերել նրանց վստահությունը: Խաբեությամբ տիրանալով վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին՝ 32-ամյա տղամարդը ձեւակերպել է առցանց վարկային պայմանագրեր եւ հափշտակել դրանցով ստացված ընդհանուր 3.050.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, վերջինս, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նրա ոսկյա զարդերը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) եւ 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ վերոնշյալ անվանումներով գրանցված օգտատիրոջ կողմից կատարված, ինչպես նաեւ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմինը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաեւ զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ 2021թ. առաջին կիսամյակում ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքը, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած 33 689 200 ՀՀ դրամի չափով գումարները նախաքննության ընթացքում վերականգնվել են:
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները. այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունը: ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին: Հիշյալ հաղորդումը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: