ՆՇՎԵՑ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ 90-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշվել է հայազգի մեծանուն արվեստագետ, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի 90-ամյա հոբելյանը։ «Պահե՛ք ակնթարթը, մաեստրո» խորագրով երեկոյի ընթացքում հնչեց Թարիվերդիեւի ինչպես ակադեմիական, այնպես էլ կինոնկարների համար գրված երաժշտությունը։

 

Ունկնդիրները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ վայելեցին հեղինակի սյուիտը «Աղջիկը եւ մահը» բալետից, Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Հայկ Կազազյան), «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ոսկե գետակը», «Ուղեւորը հասարակածից», «Օլգա Սերգեեւնա», «Գաղտնի գործակալի ճակատագիրը», «Գիշերային զվարճանքներ», «Ես խոստացել եմ, ես կգնամ» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները, ինչպես նաեւ Կոմս Կալիոստրոյի արիան «Կոմս Կալիոստրո» օպերայից։

Մենակատարներ՝ Գեւորգ Հակոբյան (բարիտոն), Գեւորգ Դաբաղյան (դուդուկ)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Ջութակահար Հայկ Կազազյանը նշում է, որ բազմիցս է կատարել Թարիվերդիեւի Ջութակի թիվ 1 կոնցերտը։ Նրա կատարմամբ հնչել է նաեւ կոմպոզիտորի Ջութակի երկրորդ կոնցերտը, որն իր ոճով, ըստ մենակատարի, տարբերվում է առաջին կոնցերտից։ «Առաջին կոնցերտը շատ լիրիկական է, երգեցիկ բնույթ ունի, ինչպես Թարիվերդիեւի շատ այլ գործեր, այդ թվում՝ ֆիլմերի համար գրված երաժշտությունը»,- ասում է Հայկ Կազազյանը՝ նշելով նաեւ, որ Թարիվերդիեւի երաժշտությունը շատ պոզիտիվ է, լիրիկական, լի գեղեցիկ մեղեդիներով, եւ այդ ամենը նրա արվեստը դարձնում է հասանելի ժողովրդի մեծ զանգվածների համար։ Երեկոյին ներկա էր Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի կոմպոզիտորի այրի Վերա Թարիվերդիեւան։ Նա նշում է, որ «Աղջիկը եւ մահը» բալետից սյուիտը Հայաստանում դեռ չէր հնչել։ «Թարիվերդիեւի երաժշտության ինտոնացիան ֆենոմենալ է։ Այդ երաժշտությունը առանձնահատուկ է, շատ անձնական, խորաթափանց։ Նույնիսկ նրա կինոերաժշտությունը ես կանվանեի ակադեմիական։ Թարիվերդիեւը կինոերաժշտությունը նույնպես ստեղծում էր ակադեմիական սկզբունքներով»,- ասում է Վերա Թարիվերդիեւան։

Միքայել Թարիվերդիեւը մի կոմպոզիտոր է, որն իր երաժշտությամբ ստիպում է մտորել ամենագողտրիկ, ամենաջերմ զգացումների, ամենամտերմիկ ապրումների մասին՝ ունկնդրին իր հետ միասին խորհել տալով։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միքայել Թարիվերդիեւի 90-ամյակին նվիրված համերգը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Լ. Ե.

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները, ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ, երեկ վերադարձել են Քութաիսից, որտեղ մասնակցում էին Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին: Մեր բռնցքամարտիկներից յոթը մտել էին եզրափակիչ եւ, ընդհանուր առմամբ, նվաճել 4 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Մրցաշարի հաղթողներ դարձել են 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ՝ Գոռ Ազիզյանը, 57 կգ՝ Մանվել Պետրոսյանը եւ գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: Արծաթե մեդալի արժանացել են 63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ՝ Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ՝ Գագիկ Անթանոսյանը, իսկ 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը եւ 63,5 կգ՝ Արես Հակոբյանը դարձել են բրոնզե մեդալակիր:

 

 

 

«ՈՍԿԵ ԳՆԴԱԿ»

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն հարձակվողի մրցանակը ստացած Ռոբերտ Լեւանդովսկին շնորհավորել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին 7-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանանալու համար։ Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվողը երկրորդ տեղն է գրավել «Ոսկե գնդակի» քվեարկությունում։ «Շնորհավորում եմ Լեո Մեսիին եւ Ալեսիա Պուտելյասին, որոնք դարձան «Ոսկե գնդակի» դափնեկիրներ։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Ես արժանացա «Տարվա հարձակվող» մրցանակին։ Ոչ մի խաղացող չի կարող նվաճել հեղինակավոր անհատական մրցանակն առանց ուժեղագույն թիմի եւ նվիրված ֆանատների։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է Լեւանդովսկին «Թվիթեր»-ում։ Հիշեցնենք, որ Մեսին այս տարի առաջին անգամ Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր։ Լեւանդովսկին «Բավարիայի» հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն եւ 41 գոլ խփեց Բունդեսլիգայում՝ գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը։

 

 

ՀԵՐՔԵԼ Է

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ Խելաիֆին հերքել է լուրերը, թե իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։ 22-ամյա ֆուտբոլիստը մշտական տեղ չունի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ «Դոնարուման պարզապես անհավանական դարպասապահ է, նա իր ներդրումը կունենա ՊՍԺ-ի հաջողություններում առաջիկա տարիներին»,- ակումբի ղեկավարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Իտալիայի հավաքականի հետ այս տարի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած եւ Եվրո-2020-ի լավագույն խաղացողի մրցանակին արժանացած Դոնարուման ստացավ նաեւ տարվա լավագույն դարպասապահի՝ Լեւ Յաշինի անվան մրցանակը։ Դրանից առաջ էլ նա 2021թ. աշխարհի լավագույն դարպասապահ էր ճանաչվել Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։

 

 

ՉԻ ՕԳՆԻ ԹԻՄԻՆ

Իտալական «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին մի քանի շաբաթ չի օգնի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին։ «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության խաղում (1։0) 25-ամյա կիսապաշտպանը ստացել է աջ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։ Իտալացի ֆուտբոլիստի ապաքինման եւ վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ. հաղորդում է Vocegiallorossa.it-ը։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։ Այս վնասվածքից առաջ էլ Պելեգրինին ուներ ձախ ծնկահոդի բորբոքման հետ կապված խնդիրներ։ Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին «Ռոմայի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։




Լրահոս