Լուսանկարն արվել է Երեւանում
Կառավարության դիմաց երեկ բողոքի ակցիա էին իրականացնում անհետ կորած եւ գերի զինծառայողների հարազատները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների առնչությամբ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ով իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ: Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը:
Լիաննա Օհանյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Օհանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:
Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:
Ալինա Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղակացնում ենք, որ անհրաժեշտ է ներկայացնել՝
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:
- Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում: