ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՅՏՆԻՆԵՐ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ չէ, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները զբաղվում են ոչ միայն երգարվեստով, մշակույթով, այլեւ ակտիվ են քաղաքական կյանքում: Հատկապես վերջին տարիներին  շոուբիզնեսի ներկայացուցիչներից  շատերը սկսեցին ակտիվ կիսվել իրենց քաղաքական հայացքներով, ինչն էլ հանրության կողմից արժանացավ սուր քննադատությունների:

 

Վերջերս հասարակությունը սուր քննադատության ենթարկեց երգչուհի Սիլվա Հակոբյանին, ով հրավիրված էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ խնջույքին:

Երգիչ Ռազմիկ Ամյանը, որը հարցազրույցներ չի տալիս անգամ իր ստեղծագործական գործունեության վերաբերյալ, օրերս անակնկալ հայտնվեց ընդդիմության կողմից կազմակերպած հանրահավաքին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

Նման իրավիճակում է օրերս հայտնվել երգչուհի Սոնա Շահգելդյանը, որն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում էր արել՝ նշելով, որ կապ չունի ո՛չ ներկա եւ ո՛չ էլ նախկին իշխանությունների հետ:

«Դիմելու եմ ոստիկանություն եւ դատական գործ հարուցեմ անունս հոլովելու, ինձ վատաբանելու եւ կեղծ ինֆորմացիայի հոդվածով: Նույնիսկ չեմ պատրաստվում զգուշացնել լրատվականներին նախապես. նկարահանելու եմ տեղադրված կեղծ ինֆորմացիան եւ դատական գործ հարուցեմ:

Թողե՛ք հանգիստ ինձ: Ես մշակույթ եմ ներկայացնում, եւ ժամանակին, երբ ելույթներ եղան, բազմիցս բացատրել եմ՝ ես երգել եմ ժողովրդիս համար: Բոլոր այն փալասներին, ճիճուներին ու նման համարժեք հոմանիշներ կրող ոչնչություններին եմ խոսքս ուղղում. հավաքե՛ք ձեզ, ա՛յ ողորմելիներ: Դուք էնքան չկաք, որ նույնիսկ ձեր անունները գրեմ էստեղ, բայց գիտեմ, որ կարդալու եք գրածս: Էդքան լավ տղերք եք, մեծ-մեծ խոսելու տեղը գնացե՛ք սահման պահելու, Արցախի, Հայաստան աշխարհիս համար պայքարելու: Ձեզանից ոչ մեկն անգամ իմ արածի մի տոկոսը չի արել, ա՛յ բնությանը ոչ պիտանի կենդանիներ: 2018-ին ոչ միայն ես, այլեւ շատերը, չէ, մեծամասնությունն էր ոտքի կանգնել՝ հույսով, որ ունենալու ենք նոր Հայաստան, նոր երկիր, ու այլեւս չի լինելու թալան ու կորուստ, այնինչ ամեն բան հակառակ էր պլանավորված: Ես բազմիցս կրկնել եմ՝ ոչ մի իշխանության մեջ չկամ, իմ իշխանները իմ զինվոր ախպերներն են, ու եթե ես խոնարհվում եմ, միայն երեք դեպքում՝ Աստծո առաջ, ծնողիս (նաեւ առյուծածին զինվոր ծնած ծնողի) ու զինվորիս շիրիմին: Նրանցից զատ, չի ծնվել մեկը (մարդամեկը), ում առաջ կխոնարվեմ….»,-մասնավորապես գրել է նա:

Նկատենք, որ այս տեմպերով եթե շարունակվի, ապա շուտով հայկական շուոբիզնեսն էլ կբաժանվի ընդդիմադիրների եւ իշխանականների միջեւ կամ, ինչպես սիրում են ընդգծել, սեւերի եւ սպիտակների:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՕՐԵՐԸ

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները. Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

 

Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ՝ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։

Հայտարարվել է նաեւ փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման մասին։ Նաեւ GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի եւ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը:

Մասնակցության պայմաններն ու վերջնաժամկետի մասին ինֆորմացիան հասանելի է փառատոնի պաշտոնական կայքում։ Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաեւ այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով եւ հաստատելով համագործակցությունը երկրների միջեւ: Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։

 

 

ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է «Սալերնիտանայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակին Իտալիայի առաջնության 32-րդ տուրում եւ առաջիկա հանդիպմանը Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչում։ «Եվս մեկ վճռորոշ հաղթանակ Ա Սերիայում՝ «Ռոմայի» հրաշալի ֆանատների ներկայությամբ։ Հինգշաբթի մենք պետք է եւս մեկ անգամ հաղթենք միասին»,- գրել է Մխիթարյանը, որը «Սալերնիտանայի» դեմ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ Ապրիլի 14-ին «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին», որին 1։2 հաշվով պարտվել է առաջին խաղում։

 

 

ԿՄԻԱՆԱ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻՆ»

Շոտլանդական «Սելթտիկի» հարձակվող Բեն Դոակն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կմիանա անգլիական «Լիվերպուլին»: 16-ամյա շոտլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ նախատեսված կլինի մինչեւ 2025թ. հունիս։ Բեն Դոակը «Սելթիկի» սան է, գլխավոր թիմի հետ մասնակցել է Շոտլանդիայի առաջնության երկու հանդիպման։ Շոտլանդիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականում Բեն Դոակը մասնակցել է 9 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

 

 

ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ

Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը մտադիր է գնել իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը: «Վալենսիայի» սեփականատեր, սինգապուրցի գործարար Փիթեր Լիմը Լոնդոնում բանակցել է այս թեմայով։ Նա ակումբի վաճառքից ակնկալում է 250 միլիոն եվրո։ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում հայտնվել է տնտեսական պատժամիջոցների տակ։ Նա պետք է վաճառի Լոնդոնի «Չելսին», որը նույնպես զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։

 

 

ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Իտալական երրորդ դիվիզիոնի 36-րդ տուրի «Մոդենա»-«Իմոլեզե» խաղում դաշտի տերերի դարպասապահ Ռիկարդո Գանյոն ավելացված ժամանակում սեփական կիսադաշտից կատարած հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։ «Մոդենան» հաղթել է 2։1 հաշվով եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

 




Լրահոս