ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից եւ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա, ուսումնասիրվել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինությունների օտարման գործըթնացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ գնահատող ընկերությունը 2017թ. իրականացրել է նշված շինությունների գնահատում, որի արդյունքում տրված եզրակացությամբ նշված գույքի արժեքը 20.05.2017թ. դրությամբ կազմել է 12.997.600 ՀՀ դրամ: Եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրել այն հիմնավորմամբ, որ այն գույքի օտարման գործից բացակայում է:

Պարզվել է, որ ընկերության եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջեւ գնահատման ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց ծառայությունների մատուցման պայմանագրի: Անցկացված մրցույթի արդյունքում 11.04.2018թ. կնքված պայմանագրով Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինություններն օտարվել են ընդամենը 12.997.600 ՀՀ դրամով: Գնորդը նշված գույքը շուրջ մեկ տարի անց վերավաճառել է  37.000.000 ՀՀ դրամով կամ սկզբնական գնահատման եւ վաճառքի արժեքից շուրջ 3 անգամ ավելի գնով:

ՀՀ կադաստրի կոմիտեի առկա տվյալների համաձայն՝ 11.07.2022թ. դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է  281.126.656 ՀՀ դրամ: Այսպիսով, ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, վարչության եւ վերոնշյալ ընկերության միջեւ ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու:

Ընկերության կողմից կազմված եզրակացությամբ 281.126.656 ՀՀ դրամ արժեքով շինությունները գնահատվել են ընդամենը 12.997.600 ՀՀ դրամ, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքը 11.04.2018թ. օտարվել է 12.997.600 ՀՀ դրամով կամ կամ շուրջ 20 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 268.000.000 ՀՀ դրամի խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

 

 

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ

Երեկ՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչների ավտոմեքենաները։  Վթարի հետեւանքով վարորդներից Գ. Գրիգորյանը տեղում մահացել է։ Վարորդի դին հանվել է մեքենայից, եւ մեքենաները տեղափոխվել են համապատասխան վայր։ Վթարի հետեւանքով «ՊԱԶ»-ի վարորդ  Ա. Շահինյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ Ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են եւ հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լեւոնյանը եւ 32-ամյա Էմմա Մարտոյանը, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից։ Ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղեւորներ, այդ թվում՝ երեխաներ, որոնք պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի։

 

 

 

ՏՆՕՐԵՆԻ ԴՈՒՍՏՐՆ ՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետեւանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Իրավապահները տեւական ժամանակ է, ինչ փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին: Ոստիկանությունը մայիսի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել եւ մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լեւոն Ա.-ն, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) եւ մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:

Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բելառուսում հայտնաբերված տղամարդը «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստերը ենթադրյալ սպանողն է, որին Հայաստան են տեղափոխել եւ կալանավորել: Իսկ ի՞նչն էր եղել սպանության պատճառը: Ենթադրյալ սպանողը հայտնել էր, որ վիճել է Դիանա Դարբինյանի ամուսնու հետ, կրակել է նրանց ուղությամբ, որի հետեւանքով երիտասարդ աղջիկը մահացել էր: Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երեւանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։ Վանաձորցիների խոսքերով՝ Դիանան համեստ եւ հավասարակշռված, կիրթ անձնավորություն էր, կարի ֆաբրիկայի կառավարման գործերը հայրը վստահել էր նրան, ամուսինը նույնպես աչքի է ընկել զուսպ պահվածքով։

Ք. Մ.

 

 

ԴԵՊՔ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Հուլիսի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա եւ սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։ Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաեւ վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

ԿՐԱԿՈՑ՝ ՈՏՆԱԹԱԹԻՆ

Հուլիսի 17-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։  Հայտնաբերվել է արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց եւ այլն։ Մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։ Նրա եւ թաղեցիներից մեկի միջեւ կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։ 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմին։

 




Լրահոս