ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին տվեց շատ հարցերի պատասխաններ, այդ թվում եւ տվյալ համատեքստում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ»: Մոսկվայի պետհամալսարանում երեկ նման հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը: Եթե հիշենք զորահանդեսի` «հայերի եւ Հայաստանի քաղաքացիների» համար հարցահարույց պահը` ի դեմս օտար դրոշի ներքո խայտառակ քայլքով անցած ռուսական զորամիավորման, ապա ստացվում է, որ «հարցերի պատասխան» ասելով` Սերժ Սարգսյանը նկատի ունի այն, որ զորահանդեսից հետո բոլոր հայերը եւս մեկ անգամ համոզվեցին, որ Հայաստանն անգամ անկախ զորահանդես անցկացնելու անկախությունը չունի: Դրանից Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ ցավ զգացին, իսկ նման նվաստացմանն ընդդիմացողներն էլ սեփական հայրենիքի անկախության 20-ամյակի տոնական օրն անցկացրին ոստիկանական բաժանմունքում: Ինչ վերաբերում է հայկական զինված ուժերի հետ կապված հարցերին, ապա նույն Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ միակ հարցը, որն այսօր ունեն Հայաստանի քաղաքացիները, այն է, թե ով պետք է պատասխան տա խաղաղ պայմաններում զինվորների` օրեցօր շատացող մահվան դեպքերի համար: Ի դեպ, այս հարցի պատասխանը պահանջող զոհված զինվորների հարազատներին թույլ չէին տվել մասնակցել 20-ամյակի զորահանդեսին:
Բացի այդ, ակնհայտ է, որ զորահանդեսի «պատասխաններն» ուղղված էին ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ Ադրբեջանին` ի պատասխան վերջինիս ռազմական հռետորաբանության ու մի քանի ամիս առաջ անցկացրած նմանատիպ զորահանդեսի: Թե որքանով էր համարժեք այդ պատասխանը, դժվար է ասել, սակայն տարակուսելի է, որ թշնամի երկրին «պատասխանելու» համար կազմակերպված զորահանդեսի գերագույն գլխավոր հրամանատարը հանդես է գալիս ահա այսպիսի հայտարարությամբ. «ՀԱՊԿ-ի շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում պաշտպանել ԼՂՀ անվտանգությունը: Առանց ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական համագործակցության հնարավոր չէր լինի Հայաստանում ստեղծել այդպիսի բանակ»: Փաստորեն, Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասում է, որ առանց ռուսների մենք չէինք կարող նման բանակ ունենալ: Այսինքն` այն, ինչի մասին չեն հոգնում կրկնել ադրբեջանցիները: Լավ, հասկացանք, որ այդպես է, բայց մի՞թե կարիք կա այդ մասին ամեն առիթով հայտարարել: Ադրբեջանի զինված ուժերի մի զգալի մասն էլ համալրվել է Թուրքիայի շնորհիվ, բայց ինչ-որ չենք հիշում, որ Ալիեւն այդ մասին խոսեր: Ի վերջո, անկախ նրանից, թե ինչքան ու ինչ տեսակի զինտեխնիկայով են համալրվում մեր զինված ուժերը, հայոց բանակի մարտունակության գլխավոր գրավականը հայ զինվորի ոգին է, որը կոտրելու դեպքում մեզ ոչ մի C-300 համակարգ  չի պաշտպանի:




Լրահոս