ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առ այսօր որեւէ անգամ որեւէ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ոչ մի դրամ չի գանձվել»,-«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով եկեղեցապատկան գույքի, հողի հարկմանը` նշեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում գլխավորած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանյաց առաքելական եկեղեցու գույքին հարկային արտոնություններ տալու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
-Պարո՛ն Մարգարյան, եկեղեցին ներկայացրել է մի հսկայական` 2186 միավորից բաղկացած ցուցակ, որին պետք է տրվեն հարկային արտոնություններ: Ձեր հանձնաժողովում, որը դրական եզրակացություն է տվել, հաշվարկե՞լ են, թե դրա արդյունքում որքան գումար չի մտնելու համայնքային բյուջե:
-Որեւէ մեկը չի հաշվարկել` գումարների հետ կապված: Կառավարության կողմից ներկայացված պատկան մարմինների, մասնավորապես ֆինանսների նախարար պարոն Գաբրիելյանի կողմից ուղարկված եզրակացության մեջ գումարի չափի մասին խնդիր չկա: Այն, որ նվազելու են համայնքային բյուջեները, պարզ է, տրվել է այդ եզրակացությունը, բայց ինչ չափով, պարզ չէ, որովհետեւ պարզ չեն էդ սուբյեկտների պատկանելությունը, որը ճշգրտվում է: Այսինքն` մենք հիմա ունենք եկեղեցիներ, փոքր կառույցներ, որոնք հաշվարկված չեն, այսինքն` պատկանելությունն էլ է անհայտ: Այս առումով մի բան միայն ինձ հետաքրքրեց, որ առ այսօր որեւէ անգամ որեւէ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ոչ մի դրամ չի գանձվել: Այսինքն` օրենքով այդ արտոնությունը չի տրվել, բայց ոնց որ չի էլ գանձվել: Հետեւաբար` մի բան, որ փաստացի չի գանձնվել, չես կարող թիվ ասել, թե ինչքան կլինի:
-Մինչդեռ եկեղեցապատկան այդ գույքը հսկայական է. պատգամավորներից մեկն անգամ նկատեց` միայն սաունաները մնացին:
-Ես չգիտեմ` որտեղ եք տեսել սաունաներ, իմ ձեռքի տակ նման բան չկա, միգուցե նկատի ուներ արհեստական լճակները:
-Քննարկման ժամանակ ակնհայտ էր, որ պատգամավորները միանշանակ չեն վերաբերվում նախագծին, ինչո՞ւ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:
-Նախ ասեմ` մեր հանձնաժողովը հնարավորություն է ընձեռել, որ մեր բոլոր պատգամավորները լիագումար նիստի ժամանակ իրենց անհատական կարծիքը հայտնեն, թե արդյոք կողմ են նման արտոնություն տալ Մայր աթոռին: Գիտեք` այսօր բավականին դժվար է խոսել բոլորի անունից, ես կողմ եմ, որ այդ արտոնությունը տրվի, իհարկե, ճշգրտելուց հետո, թե խոսքը ինչին է վերաբերում: Դրանք պետք է հստակ տարանջատենք, այսինքն` եթե կաֆեին է վերաբերելու… չգիտեմ: Կոնկրետ ես կողմ եմ, որ եկեղեցին` որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, նաեւ այնտեղ, որտեղ մոմեր են պատրաստում, արտադրում… եթե պետք է ծառայի եկեղեցուն` դա մեկ այլ բան է, իսկ եթե շահույթ հետապնդի` որպես արտադրություն, ես չգիտեմ… հարսանեկան արարողություններին մասնակցելու համար, տարբեր տիպի մոմեր… Բնականաբար, մենք պետք է տարբերակենք մոտեցումը:
-Ձեր ասածից կարելի է եզրակացնել, թե քանի որ տարիներ շարունակ գումարներ չեն գանձել, ավել լավ է հիմա այդ չգանձելն օրինականացնե՞ք:
-Ո՛չ, ես ընդամենը արձանագրեցի փաստը, խոսեցի իրողության մասին:
-Հայտնի է, որ ի տարբերություն որոշ երկրների` մեզ մոտ մոմերը վաճառվում են, այսինքն` շահույթ են հետապնդում: Հիմա կո՞ղմ եք, որ մոմերի արտադրությունը հարկվի, թե՞ ոչ:
-Ես ասում եմ, որ հասույթը, որ գնում է եկեղեցի, բնականաբար, կողմ եմ, որ ոչ թե հարկվի էդ շահույթը, այսինքն` էդ մոմի արտադրությունն ազատվի գույքահարկից եւ հողի հարկից:
-Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, օրինակ, հակառակ կարծիքին է, ասում է, որ եթե եկեղեցին մատուցում է վճարովի ծառայություններ, ուրեմն թող ՀԴՄ կտրոն տա:
-Ուշագրավ առաջարկություն է, չեմ ուզում մեկնաբանել:
-Չկա՞ մտավախություն, որ Հայաստանում գործող կրոնական փոքրամասնություններն էլ, որոնք եւս ունեն հսկայական գույք, նման արտոնություններ կուզեն, իսկ մերժվելու դեպքում կդիմեն միջազգային ատյաններին:
-Սա այն դեպքը չէ, որ «եթե»-ներով կամ «ապա»-ներով խոսենք, քիչ առաջ ասացի, որ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ կան: Խոսում ենք իրավունքի մասին, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի արտոնություններ տալ իր եկեղեցուն:
-Իբրեւ հայ քրիստոնյա մարդ` գոհ կլինե՞ք, եթե օրենքն այս տեսքով ընդունվի:
-Ես ինքս հավատով մարդ եմ եւ հպարտ եմ, որ ներկայացնում եմ մի այնպիսի քաղաք, որը 37-ին, երբ դա արգելված էր, պատարագ էր մատուցում: Ի դեպ, այն թվերին Հայաստանում պատարագ էր մատուցում միայն Մայր աթոռը, եւ երկրորդը` Գյումրու Յոթ վերքը: Ինչո՞ւ, որովհետեւ գյումրեցիք հավատի, նամուսի ու թասիբի տեր մարդիկ են:
Հ.Գ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ տարակուսել է, թե ինչո՞ւ է եկեղեցուն արտոնություն տրվում համայնքների հաշվին:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս