ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԲԱՆԱԼԻՆ` ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի մշակույթի տանը տեղի են ունեցել Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը եւ «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

«Հրազդանի՝ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Մեծամոր քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, հասարակական եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ուսումնարանների, դպրոցների տնօրեններ ու աշակերտներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հրազդան համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, այս ծրագրին ամենայն պատասխանատվությամբ մոտենալու համար:

«Անչափ ուրախ եմ, որ կրկին առիթ է ընձեռվել հյուրընկալվելու մեզ արդեն հարազատ դարձած Հրազդանում, որը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շնորհիվ մի ամբողջ տարի դարձել էր երիտասարդական բազմաբնույթ միջոցառումների կենտրոն: «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության առանցքային միջոցառումներից մեկն է եւ հիանալի գործիք է հենց մարզերի երիտասարդական ներուժի բացահայտման, համայնքի երիտասարդության ինքնաճանաչման համար»,- փաստել է նախարարի տեղակալը: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախանշված աշխատանքներն արդյունավետ ու բազմաշերտ իրականացնելու համար շատ կարեւոր է ԿԳՄՍ նախարարության, քաղաքային իշխանությունների եւ տեղի երիտասարդական կառույցների համագործակցությունը. «Հրազդանի պարագայում կարող եմ ասել, որ այն հաջողությամբ է պսակվել, ինչի ապացույցն էլ քիչ առաջ ներկայացված հաշվետու տեսահոլովակն էր: Ես Հրազդանին մաղթում եմ, որ 2022 թ. համայնքի համար լինի մեկնարկային տարի, եւ այն աշխատանքները, որոնք այս մեկ տարվա ընթացքում իրականացվել են կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, շարունակական ու առավել արդյունավետ լինեն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ Հրազդանի՝ տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուց հետո նախարարությունը, բացի գործընկեր կազմակերպություններից, նաեւ ԿԳՄՍՆ մյուս վարչություններին էր կոչ արել իրենց միջոցառումները մասնակի կամ ամբողջական ծավալով իրականացնել Հրազդանում. «Եվ ես մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ նախարարության կոչին արձագանքել են թե՛ նախարարության մի շարք վարչություններ, թե՛ տեղական, թե՛ մեր գործընկեր միջազգային կառույցներ՝ իրենց միջոցառումների իրականացման վայր ընտրելով երիտասարդական մայրաքաղաք Հրազդանը։ Սա վկայում է այն մասին, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը վաղուց դուրս է եկել ՀՀ ԿԳՄՍՆ տիրույթից եւ դարձել հանրության, մասնավորապես՝ հաղթող համայնքի ծրագիրը»:

Արթուր Մարտիրոսյանը նաեւ շնորհավորել է Մեծամոր քաղաքին 2023 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Մեծամորի քաղաքային իշխանությանը ծրագիրն իրագործելու հարցում։ Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Հրազդանում տեղի են ունեցել մշակութային, մարզական, երիտասարդական եւ միջազգային կարեւոր իրադարձություններ, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ գործընկերներին արդյունավետ համագործակցության, համայնքին աջակցելու համար եւ շնորհավորել ու հաջողություն մաղթել Մեծամորի ներկայացուցիչներին: Այնուհետեւ Վարուժան Սաֆարյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին, որը նույնպես շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին՝ ընդգծելով, որ 2023 թ. Մեծամոր համայնքը եւս ակտիվություն կցուցաբերի ծրագրի շրջանակում:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել «ՀՀ 2022 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած եւ արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

Հրազդանում ամփոփիչ միջոցառումը եզրափակվել է «Մարաթուկ» համույթի համերգային ծրագրով:

Նշենք նաեւ, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) եւ Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման եւ կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

 

 

 

 

 

ԾԱԽՍԵՐՆ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

2023 թվականի համար ծախսերն ու եկամուտներն ավելանալու են: 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված նախագիծն արդեն քննարկվել է Ազգային ժողովում:

 

Նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով եւ կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ:  Հարկային եկամուտները չեն փոփոխվել եւ սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Տեղեկացանք, որ  եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխություններն ունեն մի քանի պատճառ: Նախ արտարժութային գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաեւ դեֆիցիտի դրամային համարժեքներում: Փոփոխության երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները: Որոշ դեպքերում 2023-ի պետբյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022-ին նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ եւ այդ մասով ներառվել են հաջորդ տարվա ծրագրային անելիքների ցանկում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ներդնել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության եւ զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը եւ հաստատել ռազմավարության գործողությունների պլանը:  Այն այժմ դրվել է հանրային քննարկման: Գործողությունների ծրագրից ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է, օրինակ, գործունեություն ծավալող ժողովրդական վարպետների մասին տվյալների բանկի կազմում, անկախության շրջանի մշակութային ժառանգության գույքագրում եւ ինստիտուցիոնալացում, մշակութային ժառանգության ոլորտում նոր հաստատությունների ստեղծում: Ընդ որում, այս գործողություններից շատերի վերջնաժամկետ որպես նախատեսված է 2027 թվականը: Մինչեւ այդ թվականի ավարտը նախատեսվում է նաեւ իրականացնել թանգարանային մասնագետների վերապատրաստում միջազգային փորձին համապատասխան, ինչպես նաեւ գրադարանային մասնագետների վերապատրաստում: Նախագծում նաեւ վիճակագրական տվյալներ են առկա: Ըստ այդմ, ՀՀ վիճակագրական կոմիտեի 2021թ. սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվության համաձայն՝ մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ ուղղությամբ 2021 թ. դեկտեմբերին եկամուտը կազմել է ՝ 22 005.5 մլն դրամ, 2020 թ. դեկտեմբերին՝ 99.9 %, 2021 թ. դեկտեմբերին՝ 113.8%, 2021 թ. հունվար-դեկտեմբեր՝ 234 232.9 մլն դրամ, ընդամենը՝ 12.5, 2021 թ., 2020 թ. նկատմամբ՝ 68.5, այդ թվում՝ ստեղծագործական, արվեստի եւ հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների եւ այլ մշակութային կազմակերպությունների գործունեությունը 2021 թ. կազմել է 3 806.5 մլն դրամ, որը 2020 թ. համեմատությամբ կազմել է 165.9%:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Վթարային շենքերի վերաբերյալ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ունենք ծրագիր, որով հիմնական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին, եւ 2026-ին հանրապետության մասշտաբով վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը պետք է լուծված լինի: Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 7-ին՝ Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: «Այս տարի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, իսկ հիմնական ծրագիրը կսկսվի 2024-ին, ավարտը կլինի 2026-ին»,-ասաց նա: Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին:

 




Լրահոս