ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ճաշարանն ապահովված չէ տաք ջրով, արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարաններով, պատերը չունեն հարթ մակերես, հեշտությամբ լվացվող և ախտահանվող չեն, առաստաղը գտնվում է ոչ նորոգ վիճակում՝ կա մասնիկների թափվելու հնարավորություն, պատուհաններին բացակայում են միջատապաշտպան ցանցերը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: