Հակառուսական քաղաքականությունն անպատասխան չի մնալու. քաղաքագետը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի: Այսօր նման հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայման որոշմանը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

Քաղաքագետ Հայկ Խալաթյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությանը, նշում է՝ Ռուսաստանն ակնհայտ ցույց է տալիս, որ դժգոհ է Հայաստանի վարած հակառուսական քաղաքականությունից.

«Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում խորը ճգնաժամ կա, դրա մասին վկայում են թե՛ Լավրովի, թե՛ Զախարովայի վերջին հայտարարությունները, իսկ ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանում խիստ դժգոհ են Հայաստանի վարած քաղաքականությունից, գտնում են, որ հակառուսական կոնտեքստ կա այնտեղ: Երբ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ զորավարժություններն ազգային անվտանգության համար սպառնալիք են համարում, հիմա էլ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ Հայաստանի այսպիսի քաղաքականությունն անպատասխան չի մնալու»,-ասում է քաղաքագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Արևմուտքը նպատակ է դրել իրեն դուրս մղել տարածաշրջանից, Հայաստանից, ուստի փորձելու է ամեն կերպ դիմակայել դրան:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս