Տարբեր հայտարարություններ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը հայկական և ռուսական կողմերը տարբեր ձև են ներկայացրել։

Նախ նշենք, որ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին։ Նույն հաղորդագրության համաձայն, Փաշինյանը կարևորել է ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը, միաժամանակ ընդգծելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:

Բացի այդ պարզ է դառնում, որ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Իսկ ահա Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ իր մյուս զրույցների մասին

Նաև նշվում է, որ քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս