Տեղ բնակավայրի մոտ Ադրբեջանի ԶՈՒ-երի հանցավոր գործողությունների առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել բժշկական հաստատություններ։

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ինչպես նաև՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ստեղծվել է քննչական խումբ։

Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որից հետո ռասայական, ազգային, էթնիկ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով հրազենային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ապա Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ԶՈՒ զինծառայողների և մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել նաև այլ զինատեսակներից:

Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների նշված հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների հանցավոր գործողություններին լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ։




Լրահոս