Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ապրիլի 30-ի ընթացքում ՌԴ խաղաղապահների աշխատանքին վերաբերող ամփոփագրում նշվում է, որ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվել:
«Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում 3 երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տարածքների ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,1 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը ականներից և արկերից մաքրել են 2533,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ,1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26791պայթյունավտանգ առարկա:
ՌԴ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։