Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:
«Սիրելի՛ բարեկամներ,
Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան – ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։
Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։
Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։ Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս առիթով նախաձեռնում է հայ երաժշտությանն ու Կոմիտասին նվիրված դասախոսությունների, հանրամատչելի զրույցների, կլոր սեղան քննարկումների շարք։ Այդ շարքի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերը, ժ․ 16:00: Հյուրընկալելու ենք արվեստագիտության թեկնածու երաժշտագետ Մարիաննա Տիգրանյանին, որը կզրուցի հայ ծիսական երաժշտության, երաժշտաբանաստեղծական արվեստի մասին»։