Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել միմյանց. կան մարդկային կորուստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ուժերը գիշերը գնդակոծել են Կիևը, Օդեսան և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներ: Հարվածների հետևանքով Օդեսայում 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել: Նրանք այն արդյունաբերական հաստատության աշխատակիցներն են, որտեղ ընկել է հրթիռը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից:

Հաղորդվում է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Ուկրաինայի ամբողջ տարածքում առավոտյան ժամը 4:44-ից:

Կիևում բեկորների ընկնելու պատճառով հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքերում: Տուժածներ չկան: Ըստ քաղաքի վարչակազմի՝ բոլոր հրթիռները խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից:

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Կիևն այս ամիս արդեն իններորդ անգամ է ավիահարվածների ենթարկվում:

Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը պայթուցիկ սարք են նետել Կուրսկի մարզի Գլուշկովո բնակավայրում գտնվող առողջարանային համալիրի վրա: Ըստ մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտովի՝ 2 մարդ տուժել է: Դոնեցկի գնդակոծության հետևանքով էլ տուժել է 1 կին:

ТАСС գործակալությունն էլ հաղորդում է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օկտյաբրսկի Ռուդնիկ բնակավայրի գնդակոծության հետևանքով վնասվել է հիվանդանոցը և մի քանի շենք:

Իսկ մայիսի 17-ին, ըստ Ուկրաինայի իշխանությունների, Խերսոնի մարզի գյուղերից մեկի մոտ տեղի ունեցած գնդակոծության հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 17 մարդ վիրավորվել է: Կողմերը միմյանց մեղադրել են քաղաքացիական հատվածներին հարվածներ հասցնելու մեջ:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ըստ Вести պարբերականի, մայիսի 17-ին ուկրաինական կողմի գնդակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ վիրավորվել:




Լրահոս