ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարգարիտա Վարդանյանը, որը ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր է եղել, ընթերցողների դատին հանձնեց բանաստեղծությունների իր երկրորդ ժողովածուն՝ «Երբ դառնամ դեղձենի»-ն:

 

Ընթերցողներին միաժամանակ ներկայացվեց նաեւ Մարգարիտա Վարդանյանի «Աֆորիզմներ» գրքույկը: Հանդիպմանը ներկա էին գրական ոլորտի ներկայացուցիչներ: Խմբագիր Անի Փաշայանը նշեց՝ «Երբ դառնամ դեղձենի» ժողովածուն երկար է ստեղծվել, որպես գրականագետ՝ ողջունեց այդ հանգամանքը: Նա ընդգծեց՝ Մարգարիտա Վարդանյանը գրելիս երկար ճանապարհ է անցել, որ այն կոչվի ժողովածու: «Կարդալով եւ խմբագրելով Վարդանյանի ժողովածուն՝ պետք է ասեմ, որ մեր բանաստեղծական շղթան շարունակվում է: Պատկերացնո՞ւմ եք, որ այլեւս լավ բանաստեղծություն չգրվեր»,-շեշտեց նա:

Ըստ խմբագրի՝ գրողն անկեղծ է եղել. թվում է, թե ուրիշների կորցրած բառերն ու տողերն են: «Գրողը ճանաչում է աշխարհը, մարդկանց, նա իսկապես պտտվել է աշխարհում: Այս գրքում մենք տեսնում ենք այդ պտույտը»,- նշեց նա: Ըստ Փաշայանի՝ Մարգարիտա Վարդանյանի բանաստեղծությունները փոքրիկ պոեմներ են հիշեցնում, իսկ աֆորիզմների ժողովածուն շատ երկար կապրի: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ողջունեց՝ Մարգարիտա Վարդանյանը կարողացել է գրողին իր մեջ բացահայտել ու լավ ներկայացնել: Գրքերը գրվել են 7 տարի: Մարգարիտա Վարդանյանը նշեց, որ գրքերը գրվել են երկար ու սիրով:

«Դրանք լիակատար «սաղմանավորվել են», անցել «հղիության» ամբողջ ժամանակաշրջանը եւ ծնվել են առողջ, փարթամ: Հիմա պետք է մենք տարածենք, խնամենք, մեծացնենք եւ փորձենք իրենց ինքնուրույն կյանքի ուղղորդել»,- նշեց հեղինակը: Վարդանյանն ասաց՝ հաճախ ինքն իրեն հարց է տալիս՝ ինչու է գրում: «Բայց երկրորդ հարցը, որ ծնվում է, հետեւյալն է՝ ինչո՞ւ եմ ապրում: Դրանք մոտավորապես նույն փիլիսոփայության հարցեր են: Եթե անկարող ես քեզ զսպել գրել, պետք է գրես, այլապես այդ մտքերը գուցե մեկ ուրիշ տեղ տանեն, գուցե՝ շատ վտանգավոր»,-ասաց հեղինակը: Նա գրքերում փորձել է անդրադառնալ ամենատարբեր թեմաների: «Բոլոր գրքերը երրորդ աչքով տեսածի մասին են: Այսինքն՝ ես ինձ նայում եմ երրորդ աչքով, ձեզ նայում եմ երրորդ աչքով եւ փորձում եմ միացնել այդ երեք աչքերի տեսածները»,- ասաց Վարդանյանը: Մարգարիտա Վարդանյանն իր առաջին գիրքը՝ «Մի բուռ աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածուն, հրապարակել է 2016 թվականին:

 

 

 

 

ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՏՈՆ ԿՆՎԻՐԻ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական անգամ հաճելին կմատուցի երաժշտության եւ կինոյի երկրպագուներին՝ մայիսի 20-ին հանդես գալով «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգով:

 

Համերգը, որը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչի երաժշտություն «Աստղային պատերազմներ», «Մեռնել ուրիշ անգամ», «Մալենա», «Կարիբյան ծովի ծովահենները», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Մատրից», «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ֆորեստ Գամփ», «Գլադիատոր», «Առաքելությունն անիրագործելի է», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Սարդ-մարդը», «Գահերի խաղը», «Ռոկկի» կինոֆիլմերից:

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը «Բարսելոնա» գրեթե անհնար է։ Պատճառը կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրներն են։ Լա Լիգայի ներկայացուցիչները հերքել են լուրերը, թե «Բարսելոնայի» հետ քննարկել են այդ հարցը. հաղորդում է իսպանական AS-ը։

Ֆինանսական արդար խաղի կանոնները չխախտելու համար «Բարսելոնան» պետք է հաջորդ մրցաշրջանի համար ընդհանուր աշխատավարձը կրճատի 200 միլիոն եվրոյով։

«Բարսելոնան» դեռ պետք է գրանցի Գավիի, Արաուխոյի, Ալոնսոյի, Ռոբերտոյի եւ Բալդեի նոր պայմանագրերը։ Այդ պայմաններում Մեսիի հետ պայմանագիր կնքելը գրեթե անիրական է։

«Բարսելոնան» ամռանը պետք է Լա Լիգային ներկայացնի առաջիկա երեք տարիների տնտեսական կայունության ծրագիրը, որում Մեսիի վերադարձի ծախսեր նախատեսված չեն։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Կողմերը մտադիր չեն երկարաձգել համագործակցությունը։

 

 

 

ԵՐԳԻԾԱԲԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վստահեցնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, եւ ինքը վերակենդանացման բաժանմունքում չի հայտնվել։

«Ես պլանավորված ստուգում ունեմ, ի՞նչ վերակենդանացման բաժանմունք։ Դա ուղղակի սովորական ստուգում է, որը ես տարին մեկ անգամ անցնում եմ»,- Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում ասել է Պետրոսյանը եւ նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ լրագրողները կեղծ տեղեկություններ են հրապարակում։

Նրա խոսքով՝ մի անգամ ինքը գնացել է հիվանդանոց, սակայն հրատապ խնդիրների պատճառով այցը ստիպված են եղել հետաձգել։ Այնուհետեւ լրատվամիջոցներում հաղորդագրություններ է տեսել այն թեստերի մասին, որոնք նա, իբր, հանձնել էր կլինիկայում: «Սա ոչ միայն սուտ է, այլեւ անձնական կյանքի ներխուժում: Ոչ ոք իրավունք չունի դա անել առանց թույլտվության։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- վստահեցրել է Պետրոսյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Եվգենի Պետրոսյանն ատամնաբուժական իմպլանտի տեղադրումից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հաղորդվում էր, որ արտիստը, իբր, գնացել է ծնոտի ոսկորում ներդրված էնդոսեմային իմպլանտ տեղադրելու, որից հետո բողոքել է վերքից անդադար արյունահոսությունից։




Լրահոս