ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այս տարվա հունվար-ապրիլին արտահանել է 2 մլրդ 158 մլն 463.4 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 2.1 անգամ. ամենամեծ ծավալի արտահանումն իրականացվել է Ռուսաստան: Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեն թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը:

 

Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Այս տարվա առաջին 4 ամսում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 109 մլն 873.2 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.8 անգամ, իսկ դեպի ԵՄ երկրներ՝ 234 մլն 989.7 հազար դոլար. նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 9.5 տոկոսով:

Ամենամեծ ծավալի արտահանում իրականացվել է Ռուսաստան՝ 1 մլրդ 64 մլն 44.8 հազար դոլարի, ինչը 2022-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ՝ ավելացել է 3.8 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է. այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանը ԱՄԷ է արտահանել 372 մլն 641.8 հազար դոլարի ապրանք. աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8.9 անգամ է: Երրորդ տեղում Չինաստանն է: Հայաստանից Չինաստան արտահանումն այս տարվա չորս ամիսներին կազմել է 135 մլն 017.4 հազար դոլար՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.1 տոկոսով:

Աճել են նաեւ Հայաստանից դեպի հարեւան Վրաստան ու Իրան արտահանման ծավալները: Հայաստանից Վրաստան արտահանումը 4 ամսում կազմել է 51 մլն 502.1 հազար դոլար, աճը 46.1 տոկոս է, իսկ դեպի Իրան արտահանումը կազմել է 35 մլն 630.2 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.9 տոկոսով:

Շատ մեծ ծավալներով՝ 183.1 անգամ աճել է նաեւ դեպի Ռումինիա արտահանումը՝ կազմելով 347.8 հազար դոլար: Իսկ դեպի Կորեայի Հանրապետություն արտահանումը հունվար-ապրիլին աճել է 78 անգամ՝ կազմելով 9 մլն 764.8 հազար դոլար: Հայաստանից Ֆրանսիա արտահանումը կազմել է 2 մլն 883.9 հազար դոլար՝ աճելով 98.5 տոկոսով:

Իսկ ինչ վերաբերում է արտահանվող ապրանքներին, ապա արտահանված ապրանքների մեջ ամենամեծ մասնաբաժինն են կազմել թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ դրանցից իրերը՝ 508 մլն 61.2 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.9 անգամ: Հաջորդը մեքենաները, սարքավորումները եւ մեխանիզմներն են՝ 368 մլն 439.8 հազար դոլարի. աճը 15 անգամ է: Արտահանման ծավալներով երրորդ տեղում պատրաստի սննդի արտադրանքն է. այս տարվա առաջին 4 ամսում Հայաստանից արտահանվել է 269 մլն 987.9 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանքը, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 43.6 տոկոսով:

 

 

 

 

ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆՈՒՄ

Կառավարությունը հունիսի 8-ի նիստում որոշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023-ի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում իրականացնել՝ 39,000.0 հազար դրամ գումարի չափով, համալիրին ամրացված շենքի հակահրդեհային համակարգի ներդրման եւ կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով:

Վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար նախատեսված գումարների մի մասը:

Հաշվի առնելով, որ Համալիրն իր կազմակերպաիրավական ձեւով առեւտրային կազմակերպություն է (ՓԲԸ), եւ անհրաժեշտ գումարը դրամաշնորհի ձեւով ստանալու դեպքում վերջինիս մոտ կառաջանա շահութահարկ՝ որոշվել է գումարը Համալիրի հատկացնել կանոնդադրական կապիտալի ավելացման մեխանիզմով:

Այսպիսով, որոշվել է ավելացնել Համալիրի կանոնադրական կապիտալը լրացուցիչ բաժնետոմսեր տեխաբաշխելու միջոցով: ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հոկտեմբերի 22-ի N 1627-Ա որոշման 4-րդ կետով՝ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 500,000.0 հազար դրամ, որը բաժանված է 25000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 20.0 հազար դրամ անվանական արժեքով: Բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Նախագծով հատկացվող գումարի շրջանակներում (39,000.0 հազար դրամ) պետք է տեղաբաշխվի եւս 1950 հասարակ (սովորական) բաժնետոմս, որոնք նույնպես պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը:

 

 

 

 

 

ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից եւ հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։

Ստացված արդյունքների հիման վրա՝ ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) եւ հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն, հատակի եւ պատերի մակերեւույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– առաստաղների եւ արտադրական շինությունների վերեւում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները եւ գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման եւ ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից եւ չեն եղել բարվոք վիճակում։ Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեւանում հունիսի 14-17-ը կանցկացի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ մրցաշարի կազմակերպման եւ անցկացման նպատակով  շուրջ 50 միլիոն դրամ տրամադրելու վերաբերյալ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւը գրանցել է մեծ հաջողություններ. 2023 թ. Եվրոպայի չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը, 2022 թ. երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, եւ երիտասարդների Եվրոպայի հաղթողներ դարձան Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գեւորգյանը:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները եւ զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիան առաջարկել է Հայաստանում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 140 մասնակիցների մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարեւոր տեղն ունի մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում որպես առաջատար երկիր՝ ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը:

Միեւնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների եւ տուրիզմի զարգացմանը, այդ թվում՝ հյուրանոցային, մշակույթային կենտրոնների եւ մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին նպաստելով տնտեսության համընթաց զարգացմանը:

 




Լրահոս