ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլավյանսկի բազար 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակցությունը նշանավորվեց կարեւոր արդյունքներով։ Նախ՝ «Սլավյանսկի բազար 2023»-ի մանկական կատարողների մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրեց Անահիտ Գալստյանը, իսկ, ահա, «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում գլխավոր մրցանակը՝ Գրան պրին, երգչուհի Մաշա Մնջոյանի շնորհիվ բերվեց Հայաստան: «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը նշել է, որ արդյունքները բավական գոհացուցիչ են։  

 

«Անահիտ Գալստյանը հենց սկզբից առաջատար էր։ Ժյուրիի բոլոր անդամների կողմից ստացել էր 10 միավոր, այսինքն՝ հավակնում էր Գրան պրի մրցանակին։ Մրցույթի երկրորդ օրը ժյուրիի անդամներից մեկի կողմից ստացավ 8 միավոր։ Ճիշտն ասած, չհասկացանք, թե ինչու, ամեն դեպքում, դրա հետեւանքով Անահիտը զիջեց առաջատարի դիրքը։ Այնուհետեւ 2-րդ հորիզոնականը կիսեցինք ՌԴ-ի մասնակցի հետ, թեպետ մենք առաջատար ենք եղել։ Ինչեւէ, այս արդյունքը եւս գոհացուցիչ է, բավական ուժեղ մրցակցային  մրցույթում Անահիտը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը»,-ասաց Վրեժ Կիրակոսյանը։

Անահիտ Գալստյանը տպավորված է մրցույթով։ Նա մեծ ոգեւորությամբ է ներկայացրել Հայաստանը։

«Առաջին օրը հանդես եմ եկել It’s My Time կատարումով եւ ստացա առավելագույն գնահատականները։ Երկրորդ օրը կատարել եմ երգ՝ Սոնա Շահգելդյանի երգացանկից։ Առաջին օրն այդքան վախ չունեի, երկրորդ օրը մի քիչ հուզված էի, թեպետ դա ինձ չխանգարեց, եւ 18 երկրների ցանկում մեր երկիրը 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց։ Այսպիսի արդյունքներ չէի ակնկալում»,-ասաց Անահիտ Գալստյանը։

Մրցույթի գլխավոր մրցանակը Հայաստան բերած երգչուհի Մաշա Մնջոյանը մասնակցության հենց սկզբից տրամադրված էր հաղթանակի։ Առաջին օրը ժյուրիի կողմից տրված միավորներով Մաշան 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, երկրորդ օրն ունեցած ելույթով փոխում է մրցույթի ելքը։

«Երկրորդ օրը ելույթից առաջ ինձ ասում են. «Մաշա՛ ջան, դու շատ լավն ես, բայց այստեղ Հայաստանին մրցանակ չեն տա»։ Ես ասացի՝ այդ ինչպե՞ս։ Հավաքվեցի ու շատ ավելի լավ հանդես եկա՝ նոր երգով ու նոր կերպարով։ Այդքան ճանապարհ եմ կտրել անցել, իմ երկիրն եմ ներկայացնում, ինչպե՞ս կարող եմ չհաղթել։ Իմ ելույթից հետո ընկերներս, ծանոթներս, որոնք այդ ընթացքում միավորների արագ հաշվարկ էին կատարում, սկսեցին գրել, որ հաղթանակն իմն է։ Ուզում եմ ընդգծել, որ որքան էլ կողքից խոսեն, որքան էլ սկզբում արդյունքները գոհացուցիչ չլինեն, պետք չէ հիասթափվել, թեւաթափ լինել, անհրաժեշտ է պայքարել»,-ասաց Մաշա Մնջոյանը։

Մաշայի կատարումները չէին գնահատվում միայն ժյուրիի միավորներով։ Շատ մասնագետներ, մրցույթի մասնակիցներ, երաժշտասերներ մոտենում էին ու իրենց հիացմունքի, գովեստի խոսքերն էին արտահայտում։

Վրեժ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ քննարկվում է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթի հաջորդ տարվա ծրագիրը։ Քանի որ հաջորդ տարի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է, քննարկվում է մրցույթի մեկ օրը նվիրել Շառլ Ազնավուրին։ Նախատեսվում է բացմանը հրավիրել նաեւ Մաշա Մնջոյանին։ Դրանից բացի, քննարկվում է նաեւ «Սլավյանսկի բազար 2023»-ի մանկական կատարողների մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկել նաեւ Մաշա Մնջոյանին։

 

 

 

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հուլիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ռեժիսոր, պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի No Makeup ներկայացման պրեմիերան։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհի Լիա Զախարյանի հետ ներկայացման եւ իր կերպարի մասին։

Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը քաղքենի, կյանքը վայելող եւ էգոիստ կնոջ կերպար է, որը չի հասկանում, թե ինչ է զգում ամուսնու նկատմամբ, եւ արդյոք խանդում է, թե ոչ։

-Ներկայացման մեջ ո՞րն է Ձեր ասելիքը:

-Իմ ասելիքը ներկայացման մեջ այն է, որ գումարը եւ վայելքներն այնքան կարեւոր չեն, որքան մարդկային եւ առավել եւս՝ ընտանեկան հարաբերությունները։ Ուշադրություն պետք է դարձնել ընտանիքի, կողակցի վրա, հասկանալ նրա ցանկություններն ու պահանջները եւ նույնն էլ ակնկալել եւ ստանալ դիմացինից։ Այդ պարագայում սերը կունենա հնարավորություն՝ հավերժական լինելու։

-Արդյոք կա՞ն ընդհանուր գծեր Ձեր եւ Ձեր կերպարի միջեւ։

-Այն մարդիկ, որոնք կգան եւ կնայեն մեր ներկայացումը, տեսնելով, թե ինչպիսին է իմ կերպարը, կհասկանան, որ ընդհանուր գծեր չկան։ Եվ դա ինձ համար շատ ուրախալի փաստ է, որ մարմնավորում եմ ինձանից շատ տարբեր կնոջ կերպար։

Նշենք, որ ներկայացման դերասաններն են Ելենա Վարդանյանը, Անի Պետրոսյանը, Աննա Մանուչարյանը, Լիա Զախարյանը, Ստեփան Ղամբարյանը, Աղաս Մանուկյանն ու Մհեր Մխիթարյանը։

 

 

 

ՀԱՅՏՆԻ ՌԵՓԵՐԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստաբնակ հայ երգիչ Խչոն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետը՝ շրջափակման այս օրերին։

«Ահա թե ինչպես են ապրում մարդիկ Արցախում։ Արդեն կես տարի է՝ նրանք շրջափակման մեջ են, երեխաները մահանում են սովից։ Ես ամաչում եմ, որ ապրում եմ նման ժամանակներում»,- գրել է երգիչը։

Նշենք, որ արդեն կես տարի է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի Հանրապետության շուրջ 120.000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։

ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

«Մանչեսթեր Յունայթեդի», «Էվերտոնի», Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ, 37-ամյա Ուեյն Ռունին դրական է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ազդեցությունն անգլիական ֆուտբոլի վրա։

«Գվարդիոլայի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց ամեն ինչ։ Ցավոք, հիմա նրանց գերիշխանության ժամանակն է։

Գվարդիոլան դարձավ անգլիական ֆուտբոլի վրա ազդեցություն թողած լավագույն երեւույթներից։ Նա ազդեցություն է թողել նաեւ Անգլիայի հավաքականի վրա, քանի որ մարզել է երիտասարդ անգլիացի խաղացողների, որոնք հետագայում համալրել են ազգային թիմը։ Նրանք հավաքականում տարածել են Գվարդիոլայի ոճն ու գաղափարները»,- Ռունիի խոսքը մեջբերում է BBC-ն։ Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը։

 

 

 

«ԱԼԱՇԿԵՐՏԸ»՝ ՊՈԴԳՈՐԻՑԱՅՈՒՄ

«Ալաշկերտը» Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում է եւ պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։ Երեւանյան թիմը կհյուրընկալվի «Արսենալ Տիվատին»։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1:

 

 

 

«ԻՆՏԵՐ»-Ն ՈՒ «ԲԱՎԱՐԻԱ»-Ի ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» այս ամիս կփորձի ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերին. հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Բանակցությունները մոտենում են ավարտին։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 6 միլիոն եվրո։ Յան Զոմերն «Ինտերում» կփոխարինի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանային, որն առաջիկայում կմիանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Զոմերը այս տարվա հունվարին է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Բավարիա», որի կազմում մասնակցել է 25 հանդիպման, բաց թողել 31 գոլ։

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ Է

Միլանի «Ինտեր»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ: Ստուգողական հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի: Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 65-րդ րոպեին: Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանի շրջանակներում «Ինտեր»-ը հավաք կանցկացնի նաեւ Ճապոնիայում, որտեղ ընկերական խաղեր կանցկացնի եվրոպական եւ արաբական թիմերի հետ:

 

 




Լրահոս