Հայաստանի Հանրապետության հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99.9%) ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից: 2022 թվականին ՀՀ է ներմուծվել 533.6 հազար տոննա հացահատիկ, որից 379.0 հազար տոննան ցորեն է, 57.5 հազար տոննան՝ գարի, 97.1 հազար տոննան՝ եգիպտացորեն։
Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ–ն հացահատիկի պահանջարկը մեծամասամբ լրացնում է ներկրման միջոցով։
Իսկ արդեն տեղական շուկայում պատկերը փոքր-ինչ այլ է: Այսպես. 27 տարբեր բնակիչներ միևնույն վայրից՝ Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրից ահազանգում են.
«Ցորեն ենք ցանել, երաշտի պատճառով չորացել է, ապահովագրական ընկերությունն էլ՝ «Լիգա Ինշուրանս»-ը հրաժարվում է փոխհատուցել»:
Այս առնչությամբ՝ ArmLur.am-ը կապ հաստատեց «Լիգա Ինշուրանս»-ի հետ՝ հասկանալու, թե՞ ինչու չի տրամադրվել ընկերության կողմից փոխհատուցում, որտեղից մեզ պատասխանեցին, որ Հայաստանի տարածքում երաշտ չի հայտարարվել, հավանաբար հենց այս պատճառով էլ չի տրամադրվել փոխհատուցում:
ArmLur.am-ին Շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարությանը ենթակա «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ իրենք տեղյակ են խնդրին, և այժմ այդ դեպքը ուսումնասիրվում է որպես մասնավոր դեպք՝ բոլոր մանրամասնություններով:
Մարիամ Ղազարյան