ArmLur.am -ին հայտնի են դարձել մայրաքաղաքի Թամանցիների փողոցում՝ հյուրանոցային համալիրում տեղի ունեցած կրակոցների պատճառը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՝ հնչած կրակոցները ուրախության կրակոցներ են եղել: Բանն այն է, որ ռեստորանի սեփականատիրոջ հարազատներից մեկը երկար տարիներ երեխա չի ունեցել, որից հետո ընտանիքում երեխա է ծնվել, դրանից էլ ոգևորված ընտանիքի անդամները զենքով մի քանի անգամ օդ են կրակել ու հայտնվել իրավապահների տեսադաշտում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3.30-ին, «1-02» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Թամանցիների փողոցում, հյուրանոցային համալիրից լսվում են կրակոցի ձայներ:
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Նրանց հետ դեպքի վայր են ժամանել նաև պարեկներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ և 12 պարկուճ: Շենգավիթի քրեական հետախույզների և մայրաքաղաքի պարեկների համատեղ ջանքերով սեպտեմբերի 3-ին, ժամը 4.10-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին էին տեղափոխվել երեք տղամարդ: Նրանցից մեկը` 29-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգից ինքն է կրակել օդ: Երեքն էլ ներկայացվել են քննչական բաժին: Բացի կրակողից` մյուս երկուսը բաց էին թողնվել:
Ք․ Մ․