Պետական կառույցների աշխատողներին ստիպում են ՔՊ-ի հավաքներին մասնակցել. Իոաննիսյանը դիմել է դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել` երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Հաղորդումների հիմքում ընկած են թե մեր դիտորդների դիտարկումները, և թե համացանցում հրապարակված կադրերը։ Հաղորդումները ներկայացված են Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` նախընտրական քարոզչության մասնակցության հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար։

Հ.Գ. Պետք է ընդունեմ, որ պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների համատարած «կամավոր-պարտադիր» մասնակցությունը ՔՊ-ի հավաքներին, ինչպես նաև մեր գործընկեր «Ականատես» առաքելության դիտորդի վրա հարձակումը մեզ համար անսպասելի զարգացումներ էին, որոնք ստիպել են մեզ վերանայել այս ընտրությունների ժամանակ սպասվող խնդիրների սպեկտրը և ճշգրտել դիտորդության մեթոդաբանությունը»,- գրել է նա։




Լրահոս