ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար կսահմանվեն կրթաթոշակի նոր պայմաններ և չափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման համաձայն՝ կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ապագա սպաների մասին, որոնց ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքն էական նշանակություն ունի սպայի կերպարի ձևավորման, զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության և գրավչության գործընթացի համար:

Ներկայումս կուրսանտների համար գործող դրամական ապահովության ցածր չափերն իրենց ազդեցությունն են թողնում նաև 17-18 տարեկան պատանիների կողմից կադրային զինվորական ծառայության ընտրության որոշման վրա: Որոշմամբ առաջարկվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափերը յուրաքանչյուր կուրսի համար սահմանել մեկ բացարձակ չափով՝ առանց զինվորական կոչումների տարբերակման, առաջադիմության համար սահմանված ՄՈԳ-ի առնվազն 80 տոկոսի պայմանը և դրա դիմաց հաշվարկվող 10.000 դրամը փոխարինել ՄՈԳ-ի եռաստիճան արդյունքների դիմաց 3, 4 և 5 գործակիցներով, որի արդյունքում ըստ յուրաքանչյուր կուրսի համար նախատեսված չափը բազմապատկվելու է ցուցաբերած առաջադիմության համար սահմանված գործակցով: Իսկ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների առաջադիմության համար ՄՈԳ-ի եռաստիճան արդյունքներին համապատասխան նախատեսել ըստ օտարերկրյա պետությունների դրամական ապահովության չափերին բացարձակ չափով գումարվող չափեր, որոնց հանրագումարը կազմելու է համապատասխան կուրսանտների ամսական դրամական ապահովությունը: Նախատեսվում է առաջարկվող ամսական դրամական ապահովությունը կիրառել 2023թ. սեպտեմբերի 1-ից, իսկ առաջադիմության համար դրամական ապահովության հաշվարկման շրջանակում որոշման գործողությունը տարածել 2022/2023 ուսումնական տարում հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքների վրա:

Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սահմանվել է նոր կարգ.

«1-ին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15000 դրամ, 2-րդ կուրսի կուրսանտինը՝ 20000 դրամ, 3-րդ կուրսի կուրսանտինը՝ 25000 դրամ, 4-րդ կուրսի կուրսանտինը՝ 30000 դրամ, 5-րդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35000 դրամ։ Սա բազայինն է և ենթադրում է նաև, որ մոտիվացիա պետք է հաղորդի մեր կուրսանտներին, որպեսզի նրանք ավելի լավ ուսանեն։ Մենք սահմանում ենք միջին որակավորման գնահատականի հիման վրա նաև գործակիցներ, հետևյալ սկզբունքով՝ 60-ից մինչև 70,99 ՄՕԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,99-ի դեպքում 4 գործակից, 80 տոկոս և բարձրի դեպքում 5 գործակից։ Սա ենթադրում է հետևյալը՝ գործակիցների ՄՕԳ-ի պարագայում, առաջին կուրսի կուրսանտը տարբեր առաջադիմությունների դեպքում կարող է ստանալ 45000-ից մինչև 75000 դրամ, երկրորդ կուրսում՝ 60000-80000 դրամ, երրորդ կուրսում՝ 75000-125000 դրամ, չորրորդ կուրսում՝ 90000-150000 դրամ, հինգերորդ և բարձր կուրսում՝ 105000-175000 դրամ։ Այսինքն` գերազանց սովորող կուրսանտը, հինգերորդ կուրսում կարող է ամսական ստանալ 175000 դրամ»։

Նիկոլ Փաշինյան հետաքրքրվել է նաև Մոնթե Մելքոնյան անվան վարժարանում նման դրամական բավարարման համակարգ ներդնելու վերաբերյալ պայմանավորվածության ընթացքից, որին ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախագիծը կներկայացվի հաստատության հոգաբարձումների խորհրդին:

«Մենք պետք է ըստ առաջադիմության սահմանենք՝ 15000, 30000 և 45000 դրամ բավարարում մեր սաների համար»,-ասել է Սուրեն Պապիկյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն անչափահասների մասին է, ուստի այդ գումարների օգտագործման որոշակի սահմանափակումներ են նախատեսում.

«Մասնավորապես, նախատեսում ենք, որ գումարի մի մասը կկուտակվի իրենց քարտերին: Այդ գումարի մի մասը նրանք հնարավորություն կունենան օգտագործել արձակուրդի ընթացքում, իսկ մյուս մասը՝ 18 տարին լրանալուն պես։ Այսինքն՝ մենք սրանով, որոշակի դրամ ենք կուտակում աշակերտների հաշիվներին, որպեսզի նրանք չափահաս դառնալուն պես իրենք իրենց հայեցողությամբ օգտագործեն»։




Լրահոս