Մարդասիրական օգնության առաջին բեռնատարները Գազա կմտնեն Ռաֆահ անցակետով. շարժը տեղում կվերահսկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին 20 բեռնատարները հոկտեմբերի 20-ին կանցնեն Եգիպտոսի սահմանային հատվածում գտնվող Ռաֆահ անցակետով։

Ինչպես հաղորդել է պաղեստինյան Maan գործակալությունը, հումանիտար մատակարարումների առաջին խմբաքանակի անցումը պաղեստինյան անկլավ՝ կվերահսկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ըստ Եգիպտոսի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վաղը՝ ուրբաթ, կժամանի Ռաֆահ՝ վերահսկելու մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարների մուտքը Գազայի հատված:

Եգիպտոսի ներկայացուցիչը չի հաստատել, թե արդյոք Ռաֆահի անցակետը կշարունակի բաց լինել Գազայի բնակչությանը օգնության առաջին խմբաքանակը հասցնելուց հետո։

Ավելի վաղ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ Իսրայելը չի միջամտի Եգիպտոսից Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարմանը։ Իսրայելական կողմը բացատրել է, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահանջների ներքո։

Կահիրեն բազմիցս հայտարարել է, որ չի փակել անկլավի հետ սահմանի անցակետը և փորձել է ԱՄՆ երաշխիքներ ստանալ՝ բացառելու իսրայելական հրետակոծությունը և ապահովելու սահմանային անցակետի շարունակական շահագործումը պաղեստինյան ժողովրդին օգնություն հասցնելու համար։




Լրահոս