«Հայմամուլ» ՓԲԸ-ն այլևս չի գործելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 1-ից այլևս չի գործում «Հայմամուլ» ՓԲԸ-ն:

«Հայմամուլ»-ը նախկինում գրենական պիտույքներ և գրքեր էր բաժանում կրպակներին, ապա թերթերի բաժանորդներին մատակարարում էր օրվա տպագիր մամուլը: Հայաստանում 35 տարուց ավելի գործող, թերթի բաժանորդագրությունն իրականացնող մատակարար ընկերությունն այլևս ծառայություններ չի մատուցելու: Սա պատահեց լրագրող, խմբագիր վարչապետի օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հայմամուլ» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե պատճառն ինչ է, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Տեղեկացնենք նաև, որ 2002 թվականին «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հայմամուլ» ՓԲԸ-ի և մամուլի տարածման մարզային դուստր ՓԲԸ-ի գույքի կազմում գտնվող օտարման ենթակա կրպակների ցանկերը և դրանց օտարման գները: Փաստաթղթերից տեղեկացանք, որ կրպակների գները սկսվում են 200 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 400 հազար դրամի: Տեղեկացանք նաև, որ մինչ օրս օտարվել է 175 կրպակ Երևանում և մարզերում:

Հիշեցնենք, որ «Հայմամուլ» ընկերությունը տարիներ շարունակ ենթարկվել է տարաբնույթ ճնշումների, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից. շատ փորձեր են եղել ընկերությունից խլելու կրպակները, բայց չի հաջողվել, իսկ հիմա ինքնակամ են օտարվում դրանք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվ համարում:




Լրահոս