Ինչ դեպքի է միջամտել ՔՊ-ական պատգամավոր էմմա Պալյանը. ինչու է քաղաքացին բենզինը ձեռքը մոտեցել մեքենային. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի բազմաբնակարան շենքերից մեկում, որտեղ ապրում է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, միջադեպ էր եղել։ Եվ ահա Քննչական կոմիտեն որոշում է կայացրել վերոնշյալ դեպքով։

Մասնավորապես, Արկադի Ավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու նախնական դիտավորությամբ նախապես ձեռք բերված կանաչ գույնի պլաստմասե շշի մեջ լցված բենզինով մոտեցել է Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցի 13-րդ շենքի բակ, որտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան այրելու նպատակով, կոտրել է վարորդի դռան ապակին՝ բենզինը լցնելով ավտոմեքենայի սրահի մեջ այրել է այն, այնուհետև իր հանցավոր նպատակը ավարտին հասցնելու դիտավորությամբ ձեռքին առկա դանակով կտրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ավտոմեքենայի ջրատար խողովակը, ինչից հետո, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի՝ դանակի գործադրման սպառնալիքով, հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Վ.Գյոզալյանի, Ս.Սարգսյանի, ինչպես նաև ավտոմեքենայի կրակը հանգեցնելու վերաբերյալ կոչեր անող և օգնության հասած քաղաքացիների հասցեին:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դեպքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:
Ինչպես մեր աղբյուրներն էին պատմում, հարցը առաջացել է կենցաղային խնդրից, երկու հարևաններ կենցաղային հարցով վիճել են, այնուհետև, դեպքին միջամտել է նաև Էմմա Պալյանը:

ՔՊ-ական պատգամավորը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, բայց իրականում ավելի է թեժացել իրավիճակը:
Ինչպես ականատեսներն էին պատմել, նա սկսել է բղավել, իշխանական հայտարարություններ անել, ասել է, թե սա նախկինների Հայաստանը չի, որ նման կռվներ անեն:
Էմմա Պալյանի այս հայտարարություններն ավելի էին բարկացրել հարևաններին ու իրավիճակը ավելի է թեժացել:

Վիճաբանությունն էլ հանգեցրել է նրան, որ հարևաններից մեկը շենքի բակում մեքենա է այրել:
ArmLur.am-ը զրուցել էր նաև Էմմա Պալյանի հետ, վերջինս հաստատել էր, որ մեքենան իրենց բակում է այրվել, սակայն նշել, որ իրենց մեքենան չի, և ինքը որևէ կռվի չի միջամտել.

«Դեպքը մեր բակում է տեղի ունեցել, ես բազմաբնակարան շենքում եմ ապրում, բայց մեքենան մեր ընտանիքինը չի, մեր հարևանի հետ է դեպքը տեղի ունեցել: Ինչ վերաբերվում է կռվին, ես այդ օրերին Երևանում եմ եղել, կռվի մասին տեղեկություն չունեմ, որևէ միջադեպի չեմ խառնվել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ձեզանից եմ լսում»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ Էմմա Պալյանն աչքի էր ընկել իր մեկ այլ սկանդալային հայտարարությամբ, երբ ասել էր, որ իր ամուսնուն գրանցել է որպես իր՝ հասարակական հիմունքներով օգնական, որպեսզի դրսում իրեն չսպասի և չմրսի։

Քնար Մանուկյան




Լրահոս