Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացելու կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, քանի որ դա կնպաստի Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Այս մասին «Հարավային Կովկասի դերը կայուն առևտրի, էներգետիկ և լոգիստիկ ուղիների զարգացման գործում» թեմայով քննարկման շրջանակում՝ մայիսի 14-ին Երևանում ասաց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ հզորացման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Ադրիեն Կիրալին։

Քննարկումը տեղի է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հանդիպման ժամանակ։

Նրա գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգեցրեց նախկինում գոյություն ունեցող առևտրային հարաբերությունների կործանմանը, ինչպես նաև համաշխարհային խաղաղության և կայունության խարխլմանը։

Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը։

Նրա խոսքով, խոսքն անդրկասպյան ճանապարհով կայունության և մուլտիմոդալ տրանսպորտի ապահովման մասին է։

Ադրիեն Կիրալին մատնանշեց այս նախագծի ինտեգրումը միջազգային տրանսպորտային ցանցին դյուրացնելու կարևորությունը:

Նա հավելեց, որ ծրագրի իրականացման համար կարևոր է տնտեսական ներդրումային ծրագրի մշակումը և ներդրումային աջակցությունը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է նաև ընթացակարգերի ներդաշնակեցման կարևորությունը՝ առևտրի զարգացման համար պայմաններ ստեղծելու համար։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է բացել տարածաշրջանի հսկայական տնտեսական ներուժը և այն միջանցքը, որը Կենտրոնական Ասիան կապելու է ԵՄ երկրների հետ։

Նկատենք, որ թեև ԵՄ ներկայացուցիչն այս «միջանցքը» ոչ մի կերպ չի անվանում, սակայն ակնհայտ է, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական նախագծի մասին է։




Լրահոս