Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:
«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտպես կարեւորում է նորարական գաղափարների, նախագծերի եւ առաջատար տեխնոլոգիաների կիրառումը եւ զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի եւս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին», – նշել է «Ֆասթեքսի» համահիմնադիր Ռոման Բադալյանը:
Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի եւ AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:
Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը եւ պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:
Խոսնակները ներկայացրել են Fastex թվային եւ ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են եւ հնարավորություն են տալիս օնլայն եւ օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներով լիցքավորելու դեպքում:
Ներկայացվել են նաեւ Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած եւ արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը եւ SilkSwap-ը:
Նշենք, որ Բահամուտ հիմնադրամն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ օգնելով ստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսը Web3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտ բլոկչեյնում: «Ֆասթեքսի» տեղեկատվական հանդիպման շրջանակում մասնագետները զրուցել են դեռեւս SSS19-ում «Ֆասթեքսի» կողմից ֆինանսավորում ստացած ստարտափ նախագծերից մեկի՝ ForestBerg-ի համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանի հետ: Ալբերտը ներկաներին պատմել է «Ֆասթեքսի» ֆինանսական աջակցության շնորհիվ թիմային նախագծերում իրականացրած բարելավումների մասին:
ԱՏ տեխնոլոգիաների եւ հեռավար զոնդավորման օգնությամբ տարբեր ինժեներական լուծումներ տրամադրող ForestBerg-ը «Ֆասթեքսի» կողմից ստացած 10.000 FTN դրամաշնորհն ուղղել է գեոդեզիական դրոնի եւ այլ սարքավորումների ձեռքբերմանը:
Հուլիսի 25-ին AKNEYE-ն իր հերթին «Ֆասթեքսի» տաղավարում պանելային քննարկում է նախաձեռնել տեղեկատվական հանդիպման շրջանակում: Քննարկման մասնակիցներն էին հայազգի արտիստներ Գարեգինը եւ Սարկո Մենեն եւ վրաստանից ժամանած Մակո Լոմաձեն: Արտիստները պատմել են AKNEYE-ի հետ գործակցության, առաջիկա նախագծերի, Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում իրենց փորձառության եւ գաղափարների մասին: Միջոցառումը եզրափակվել է ստարտափներին մրցանակներ հանձնելու արարողությամբ, որի ընթացքում «Ֆասթեքս» էկոհամակարգի համահիմնադիր Ռոման Բադալյանը մրցանակը հանձնել է «Հովիվ» ստարտափ նախաձեռնությանը, որն արհեստական բանականության միջոցով նորարարական լուծումներ է առաջարկում գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտներում գործող կազմակերպություններին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet եւ ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաեւ Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange եւ NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետեւելով առկա կանոնակարգերին։
«ՕԳՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ». Yandex
Դեբեդ գետի վարարումն ու բազմաթիվ ավերածությունները Լոռու մարզ տարան նաեւ «Ժողովուրդ» օրաթերթին։ Նկարահանող խումբը որոշեց ոչ թե սեփական մեքենայով, այլ Yandex Go-ի միջոցով հասնել Հայաստանի հյուսիսային բնակավայրեր՝ աղետի գոտու մասին տեսանյութեր եւ հոդվածներ պատրաստելու։
Մեքենա պատվիրելիս նկատեցինք, որ Yandex Go հավելվածում ավելացել է «Օգնենք միասին» կոճակը, որը հնարավորություն է տալիս փոքր գումարով մեծ բարեգործական արշավի մաս կազմել։
Ընտրելով գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ, ուղեւորը բաժանորդագրվում է նվիրատվություն անելու։ Ամեն անգամ քարտով վճարելիս այդ գումարն ավելանում է ուղեւորության արժեքին, Yandex Go-ն էլ, իր հերթին, կրկնապատկում է այն եւ ուղղում բարեգործությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից մինչեւ Լոռու մարզկենտրոն՝ Վանաձոր, ուղեւորության արժեքը կազմեց մոտ 20 հազար դրամ։ Ակտիվացնելով «Օգնենք միասին» կոճակը՝ մենք, փաստացի, 500 դրամ ուղղեցինք բարեգործությանը։ Արդյունքում՝ ապահով հասանք Լոռի՝ միաժամանակ գումար նվիրաբերելով նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն։ «Օգնենք միասին»-ին կարելի է բաժանորդագրվել կամ կասեցնել բաժանորդագրությունը ցանկացած պահի՝ Yandex Go հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկում սեղմելով համապատասխան կոճակը։
Իսկ ո՞ւմ է փոխանցվում ուղեւորների նվիրատվությունը եւ ո՞ւմ միջոցով է հասնում հասցեատերերին:
Նվիրատվությունն ուղղվում է «Հայ մայրեր», «VIVA», «Շտապիր դեպի բարին» եւ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամներին։ Հավաքագրված գումարը, նախ, փոխանցվում է «ՆԻԿԱ» ենթակառուցվածքային հիմնադրամ, որը հավասարապես բաշխում է կազմակերպությունների միջեւ։ Հավաքված միջոցներով բարեգործական կազմակերպությունները կարող են օգնել իրենց շահառուներին, ֆինանսավորել ծրագրերը եւ շարունակել գործունեությունը։
ՆՈՐ ԵՎ ԵԶԱԿԻ ԾՐԱԳԻՐ
2024-2025 ուս. տարվանից Հայաստանում առաջին անգամ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կմեկնարկի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն եւ պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը, որն իրականացվում է Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է պատրաստել ազգային եւ միջազգային աշխատաշուկաների պահանջներին համապատասխանող կենսաբազմազանության եւ վայրի բնության պահապանության որակյալ մասնագետներ։ Եվ այսօր առավել քան երբեւէ, երբ Հայաստանում ինչպես եւ ողջ աշխարհում հասարակությունը բախվսւմ է բնապահպանական ճգնաժամի երկրում առկա է նման մասնագետների կարիք։
ԲՈՒԺԿԵՏԸ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
4 տարի է, ինչ սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը ուժգին քամուց պոկված է, անձրեւները, ձյունը լցվում են շենքից ներս` հակասանիտարական վատ վիճակ ստեղծելով բուժկետում։ Բուժկետը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ, այն հանդիսանում է հարեւան՝ Կոթի գյուղի գյուղական ամբուլատորիայի ենթակայությամբ։ Անցած 4 տարում, որպես Տավուշի մարզի լրագրող, բազմաթիվ անգամ դիմել եմ Տավուշի մարզպետարան` հարցնելով, թե ե՞րբ են նորոգելու բուժկետի շենքի տանիքը։ Վերջին հարցմանս Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսպես է պատասխանել. «Նոյեմբերյան համայնքի «Կոթիի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի ենթակայության Բարեկամավանի բուժկետի շենքի վերանորոգման եւ վերակառուցման համար կադաստրի վկայական ստանալու գործընթացը ավարտական փուլում է (որից հետո կսկսվի վերանորոգում-վերակառուցումը)։ Բուժակ-մանկաբարձական կետը տեղափոխված է Բարեկամավանի նախկին գյուղապետարանի վերանորոգված տարածք եւ իր գործունեությունը ժամանակավորապես ծավալում է այնտեղ»։ Հայկ Ղալումյանը 2021թ. ապրիլի 8-ից Տավուշի մարզպետն է, ինչո՞ւ չի իմացել, որ իր ենթակայությամբ գործող Բարեկամավանի բուժկետը կադաստրի վկայական չունի, որ վկայական հանեն։ 2005 թվականին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Վորլդ վիժն» եւ «Ապավեն համայնքներին» կազմակերպությունները վերանորոգել, կահավորել են Բարեկամավանի բուժկետի շենքը` առանց կադաստրի վկայակականի. ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները։
ՀԵՌԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԴՐԵԼ
Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից գոտում, Կիրանց-Բաղանիս հատվածում գտնվող կարեւոր, 30 տարում ամրացված դիրքերը։ Ադրբեջանին նույնիսկ նախատեսվածից ավելի դիրքեր են հանձնել։ Օրինակ` Բաղանիս-Այրումին հարակից գոտում գտնվող« Նոր տարի» պաշտպանական դիրքը ի սկզբանե չէր նախատեսվում հանձնել, սակայն, ի վերջո, այն հանձնեցին Ադրբեջանի զինուժին։ Երկու օր առաջ ադրբեջանական դիրքում` բլրի գագաթին, վերջերս տեղադրված սարքավորում ենք նկատել: Այդ սարքավորումը տեսանելի է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով անցնողներին։ Ենթադրվում է, որ այն նախատեսված է Հայաստանի տարածքի խորքում դիտարկումներ, հետախուզում կատարելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ