Դեմ կանգնեք կեղծիքին. ԱԱԾ մեկուսարանից ԱԺ նախկին պատգամավորի եղբայր Սերոբ Գասպարյանը կոչով է դիմում։
«Սիրելի Հայրենակիցներ մեր պարտությունները և նվաստացումները սկսվեցին այն պահից, երբ թշնամին քնած Հայ սպային սպանողից հերոսի կերպար կերտեց և սկսեցին քարոզչություն առ այն, որ հայ սպանելը հերոսություն է, իսկ մենք կեղծ մեղադրանքներով դատապարտեցինք հերոսին, նվաստացրեցինք, ունեզրկեցինք, հերոսից հանցագործի կերպար ձևավորեցինք: Սիրելի ազգ դիմում եմ ձեզ մեկուսարանից կեղծ մեղադրանքով կալանավորված:
Մենք հայերս շատ տառապանքների միջով ենք անցել, ցեղասպանվեցինք, բայց Աստծո օգնությամբ Գևորգ Կաթողիկոսի համառության և ինքնազոհողության արդյունքում համախմբվեցինք և ունեցանք Սարդարապատ։
Մենք այն ազգն ենք, որ երկրաշարժի արհավիրքից հետո ուժ գտանք մեր մեջ, համախմբվեցինք շատ հայորդիների կյանքի ու արյան գնով, ունեցանք երկու հայկական պետություն, մեր հաղթանակները հպարտությամբ ինչպես մանկանը պահում էինք մեր սրտերում և կրծքի տակ։
Բայց ավաղ սատանան լույսի հրեշտակի կերպարանքով հայտնվեց, բաժանություն մցրեց հայը հայի դեմ, որդուն հոր դեմ, բաժանեց և տիրեց։ Խնդրում եմ ձեզ Աստծո սիրով մի կողմ դրեք ամեն հակառակություն, չարություն, հպարտություն, համախմբվեք այս օրհասական պահին փրկելու մեր հայրենիքը մեր զավակներին, պահելու մեր ինքնությունը հավատը սա մեր պապերի և շատ նահատակների արյան կանչն է և պարտադրանքը մեզ։
Մեր ուսերին է դրված Աստծո օգնությամբ կառուցելու հզոր հայրենիք որտեղ կգնահատվի մարդու և քաղաքացու արժեքը, որտեղ մարդու իրավունքները պաշպանված կլինի և որ ամենակարևորը խաղաղություն կհաստատվի համայն հայության ջանքերով։ Դեմ կանգնեք կեղծիքին, ստին և քայլենք ճշմարտության հետքերով։
Եվ այսպես մեր սերունդների ապագան մեր ձեռքերում է։ Աստված պահապան մեր ազգին ու հայրենիքին։
Նվիրյալները չեն դավանափոխվում
Սեւ Հովազ», – ասված է տեքստում։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրանց որոնում են արդեն շուրջ 4 ամիս: