«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխություններին։
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի տաղավարում հյուրընկալվել է ՀՀՄ անդամ Հայկ Ստեփանյանը, ով մանրամասներ է ներկայացրել, թե ինչ ակցիաներ են իրականացնելու՝ փետրվարի մեկից սկսած։
-Պարո՛ն Ստեփանյան, հայտնի է, որ փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի սակագինը փոխվելու է, ինչի պատճառով էլ մեկնարկելու են շատ բողոքի ակցիաներ, եւ բունտ է հասունանում: Դե՞մ եք արդյոք տրանսպորտի թանկացմանը, թե՞ ոչ:
-Երեւանի տրանսպորտի թանկացումը, ըստ էության, բնակչության բոլոր շերտերին է վերաբերում, որովհետեւ տրանսպորտը այն գործիքն է, որից օգտվում է ողջ քաղաքը: Թանկացումը, բնականաբար, համարում ենք անընդունելի: Մենք երկար ժամանակ է՝ խոսում ենք սրա մասին. որեւէ հիմնավորում չկա, որ թանկացումը կնպաստի մարդկանց կյանքի որակի բարելավմանը, եւ այնպես էլ չէ, որ մարդիկ սկսել են ավելի շատ գումար աշխատել: Տրանսպորտի թանկացումը եւս մեկ բեռ է, որը գործող վարչախումբը փորձում է բարդել քաղաքացիների ուսերին: Սա միակ հարցը չէ. թե՛ տրանսպորտի թանկացումը, թե՛ շահութահարկը, որը արդեն տասը տոկոս է դառնում, թե՛ գույքահարկը, որը չորս հարյուր տոկոսի է հասնում արդեն այս տարի, եւ թե՛ աղբահանությունը քառակուսի մետրով հաշվելը նրա համար են, որ մտնեն մեր քաղաքացիների գրպանը եւ հնարավորինս շատ գումար «քերեն» նրանցից: Տրանսպորտից օգտվում է խոցելի ու միջին խավը, գերշահույթներ ունեցողը, չեմ կարծում, որ տրանսպորտից օգտվի: Գնալ ու կպչել խոցելի խավին՝ որոշակի «բարոյականության» առկայության մասին է խոսում:
-Ինչպե՞ս եք պայքարելու թանկացման դեմ: Տարբեր հասարակական գործիչներ, ավագանու անդամներ արդեն իսկ սկսել են ակցիաներ իրականացնել: Ո՞ւմ եք միանալու Դուք:
-«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը փետրվարի մեկից իրականացնելու է տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքացիներին իրենց արդար որոշման մեջ: «100 եւ վե՛րջ» սկզբունքով մտնելու ենք պայքարի մեջ, որպեսզի դադարեցնենք այս ապիկար որոշումը:
Եթե հարցը գործող վարչակազմի շեշտածն է, թե լավ շարժակազմեր են բերել, ապա ոչ ոք չէր ասում՝ գնային MAN բերեին: Կարող էին փոխարենը բերել այնպիսի ավտոբուսներ, որոնք սպասարկելն ավելի հեշտ է: Ավտոբուսները դեռեւս նոր են, բայց եթե փչացան, ապա ինչպե՞ս են սպասարկելու:
Իշխանությունը, թեպետ սա ոչ թե քաղաքային իշխանությունն է, այլ իշխանական պարագլուխը, եթե փող է ման գալիս տրանսպորտի համար, ապա թող սուբսիդավորվի: Դա բոլոր երկրներում առկա եւ գործող տարբերակ է: Ավինյանն ասում էր, որ հավելյալ մուտքերը կլինեն հինգ միլիարդ, որ մի քիչ էլ կազմակերպված ու լավ աշխատեն, ապա մի 30-40 միլիարդ էլ այնտեղից դուրս կգա:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԱՎԱԳԱՆԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԱՆԻ
Երեւանի ավագանին հունվարի 31-ին արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ը տեղեկացավ՝ օրակարգում տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներն են լինելու:
Ինչպես Տիգրան Ավինյանը հայտարարեց, լսել, կարդացել են բազմաթիվ բողոքներն ու մեկնաբանությունները եւ որոշում կայացրել փետրվարի 1-ից ներդնել ուղեւորատոմսի նոր սակագին` 150 դրամ։
Հիշեցնենք նաեւ, որ Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երեւանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
«Նոր աշխարհակարգի հաստատման համար աշխարհի բոլոր ազգերն ու երկրները ստիպված են ինչ-որ գին վճարել։ Հայերը այդ գինը վճարեցին՝ ցեղասպանության ենթարկվելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում, այնուհետեւ նացիզմի դեմ պայքարում՝ ավելի քան 300,000 զինվորների կյանքով։ Այդ ամենը նախորդ աշխարահակարգի հաստատման մեր վճարած գինն էր։
Մենք շատ թանկ գին ենք վճարել նաեւ նոր ձեւավորվելիք աշխարհակարգի համար, երբ 2020 թվականին առերեսվեցինք ադրբեջանական հերթական ագրեսիային, իսկ հետո արդեն էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում: Սա չափազանց թանկ գին է մեր ազգի համար։
Մեզանից բոլորն այստեղ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են, եւ մենք քաջատեղյակ ենք, որ օրենքի առանցքը, կենտրոնը մարդիկ են, մարդ արարածը, ով հավատում է այդ օրենքի ուժին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հավատում էր միջազգային իրավունքի ուժին, բայց, ցավոք, Հայաստանի ներկա իշխանությունն ու աշխարհը խաբեցին ու դավաճանեցին՝ թողնելով մեն-մենակ բռնակալների դեմ պայքարում։
Աշխարհը չպետք է թույլ տա, որ պատմությունը կրկնվի. նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի արժեքների ու օրենքների վրա, այլ ոչ թե նավթի ու աշխարհաքաղաքական շահերի։ Կարող եք ասել, որ ես երազող եմ, բայց ես հավատում եմ, որ միակը չեմ։
Չկա աշխարհում որեւէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում։ Չկա աշխարհում որեւէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունն իրենց հայրենիքից։ Չկա աշխարհում որեւէ մի օրենք, որն արդարացնի ամեն օր Ադրբեջանի ագրեսիայի վտանգի, սպառնալիքների ու ատելության մթնոլորտում ապրելը։
Մենք՝ հայերս, Քրիստոնյա աշխարհի դռնապաններն ենք։ Մենք չպետք է մենակ մնայինք։ Հավատացեք՝ մենք աշխարհի օգնության ու աջակցության կարիքն ունենք»:
ԵԽԽՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
«Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ»: Այդ մասին գրել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ, իսկ Արուսյակ Ջուլհակյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Սոնա Ղազարյանը վերընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ: