«Ազատություն» ռադիոկայանի դեմ իշխանությունը արշավ է կազմակերպել. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է։ Այդ արշավը սկիզբ էր առել ավելի վաղ, սակայն առավել մեծ թափ ստացավ, երբ լրատվամիջոցի հասցեին մեղադրանքներ ուղղեցին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց աջակցող շրջանակներ։
Այս առումով հատկապես ուշագրավ են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան  գրառումները, որոնցում «Ազատություն»-ը, մասնավորապես, մեղադրվում է ֆեյքեր տարածելու կամ միակողմանի լրատվության համար, կասկածի տակ է դրվում լրատվամիջոցի պրոֆեսիոնալիզմը:

Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։

Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ որ «Ազատությունն» իր գործունեությամբ ապացուցել է, որ բաց է հակադիր կարծիքներ ու գաղափարներ ներկայացնելու, ինչպես նաև սեփական հնարավոր բացթողումները քննարկելու և ուղղելու համար։

Մինչդեռ, տվյալ դեպքում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քննադատությունը հանդուրժելու և ընդունելու, բացահայտված թերությունները վերացնելու, սեփական հակափաստարկներով ընդդիմախոսներին արձագանքելու փոխարեն, փաստորեն, իրենց «սվիններն» ուղղում են այն խմբագրության դեմ, որը հայաստանյան լրատվական դաշտում որակյալ լրագրության ամենահարուստ փորձն ու ավանդույթներն ունեցողներից է։ Սա հատկապես անթույլատրելի է այսօրվա պայմաններում, երբ որակյալ ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն ապրում են ծանր ժամանակներ՝ բախվելով լուրջ ֆինանսական և քաղաքական խնդիրների։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրելով, որ վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու և անհիմն մեղադրանքներ ուղղելու առիթ դարձած հրապարակումները վերաբերել են հանրային կարևորություն ունեցող թեմաների, իսկ ցանկացած լրատվամիջոցի թիրախավորմամբ դրանց լուսաբանումը խոչընդոտելու փորձերը անթույլատրելի են, կոչ ենք անում․

  • իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել այդ և ցանկացած այլ լրատվամիջոցի վարկաբեկման արշավ կազմակերպելու պրակտիկան, տեղեկատվական վեճերը լուծել ու անհամաձայնություններն արտահայտել նույն հարթակներում՝ օգտագործելով հերքման կամ պատասխանի հնարավորությունները,
  • լրատվամիջոցներին՝ չենթարկվել քաղաքական ճնշումների, միևնույն ժամանակ ապահովել բազմակարծություն և նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը,
  • հասարակությանը՝ հետևողականորեն պահանջել իշխանություններից հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, հարգել խոսքի ազատությունը և հանդուրժողականություն դրսևորել քննադատության նկատմամբ՝ հատկապես մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող լրատվամիջոցների հետ հարաբերվելիս։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ




Լրահոս