ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդգար Ղազարյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Ղազարյանի մասով Քրեական օրենսգրքի 490 հոդվածի հիմքով հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկում են դատարան:
Ըստ ամենայնի, Քննչական կոմիտեն չի կարողացել դիմանալ Էդգար Ղազարյանի ճնշումներին և որոշել են նրանից ուղղակի ազատվել՝ գործը դատարան ուղարկելով: Բանն այն է, որ Էդգար Ղազարյանը տարբեր միջնորդություններով անհարմար դրության մեջ է դրել քննիչին, որը համարձակվել է քրեական վարույթ հարուցել նրա նկատմամբ:
Հիշեցնենք, որ իրավապահ կառույցներից Ղազարյանը պահանջել էր իրեն տրամադրել ՄԱԿ-ի անդամ 193 անդամ երկրների բոլոր դատախազների, քննիչների, դատավորների և նրանց մերձավոր անձանց ցանկը, որպեսզի դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների շրջանակում հանկարծ այդ մարդկանց չքննադատի: Բացի այդ, միջնորդել է իրեն շարունակաբար տեղեկություն տրամադրել, թե օրինակ Հայաստանում որ քննիչը, դատախազն են ազատվում աշխատանքից, ովքեր են նոր աշխատանքի ընդունվում, որպեսզի նրանց էլ չքննադատի և այլն: Այսինքն շարունակաբար թարմացվող տեղեկությունների կարիք ունի Ղազարյանը:
Եւ ահա քննիչը որպեսզի այս իրավիճակից դուրս գա, որոշել է հապճեպ հայտարարել նախաքննության ավարտ և գործն ուղարկել դատարան:
Իսկ դատարանում եթե մեղադրական վճիռ կայացվի, այս հոդվածի համար այլ պատիժ սահմանված չէ, քան կալանքը՝ 2-4 տարի ժամկետով:
Մնում է սպասել՝ հասկանալու, թե գործը որ դատավորին կմակագրվի:

























































































