«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Գեւորգն ու Նելլին պատմեցին, որ մեկ տարի առաջ ոստիկանության աշխատակիցները բախվել են իրենց ընտանիքի անդամների հետ, ինչի հետեւանքը եղել է այն, որ իրենք մինչեւ այսօր դատարանի «դռներն» ընկած` ուզում են ապացուցել, որ մեղավոր չեն: Սակայն իրենց հավատացող չկա: Գեւորգի հայրը շուրջ մեկ տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է, իսկ վերջին օրերին էլ անարդարությանը դեմ դուրս գալով` անժամկետ հացադուլ է հայտարարել:
Մեր զրուցակից Նելլի Միքայելյանը պատմեց, որ 2010 թվականի նոյեմբերի 16-ին իր եղբայրն իրենց ընտանիքի անդամներին հրավիրում է դստեր ծնունդին: Վերջիններս մասնակցում են ծննդյան արարողությանը եւ երբ երեկոյան որոշում են գնալ տուն, ճանապարհից ինչ-որ տաքսի են «բռնում»: Նելլիի ամուսինը` 43-ամյա Սարգիս Միքայելյանը, որդին` Գեւորգը, ու նրա հղի կինը, նստում են մեքենան, եւ մի փոքր գնալուց հետո Սարգիսը վարորդին խնդրում է հետ գնալ Նելլիի եղբոր բնակարանի մոտ. «Հարցրինք, ասեցինք` ինչի՞ ես ուզում հետ գնանք, ասեց` ուզում եմ բնական պահանջներս հոգամ, մենք էլ ասեցինք` դե ուշ գիշեր ա, որ էդքան հետ չգնանք, իջի՛ մի տեղ, ծառեր կան, էդ էլ 9-րդ Մասիվում էր, ընդհանրապես մարդ չկար, ինքն էլ հիվանդ մարդ ա, ասեցինք էդքան հետ չգնանք, շուտ գնա՛-արի՛»:
Սարգիսն իջնում է եւ ուշանում, վերջինիս որդին` Գեւորգը, հոր հետեւից իջնում է` պարզելու համար, թե ինչ է պատահել: Որոշ ժամանակ հետո իջնում են նաեւ Նելլին եւ իր հարսը: «Իջնենք, տեսնենք ի՞նչ, երկու ոստիկան` Հրաչյա Մուրադյանն ու Արթուր Ղալաչյանը, ամուսնուս նենց են ծեծել` ընկել ա, չի կարում կանգնի, ամուսինս ասեց, որ էկել են, սկսել են հայհոյել, հետո էլ դուբինկայով նենց են ծեծել… դե որ իրանք հայհոյում են, ինքն ի՞նչ պիտի աներ, ինքն էլ ա հայհոյել, սրանք էլ գցել են գետնին ու սկսել ծեծել»:
Կռիվն այն աստիճան է բորբոքվում, որ ոստիկանները կապ են տալիս եւ հավելյալ ուժեր` եւս երկու ոստիկան կանչում դեպքի վայր: Վերջինների եւ Նելլիի ընտանիքի միջեւ մեծ կռիվ է սկսվում: «Իրանք մտածել էին, թե ինքը բոմժ ա, խմել, էկել մտել ա ընտեղ, դրա համար էին տենց ծեծել, հետո որ տեսան` ընտանիքի անդամների հետ ա, ամեն ինչ անում էին, որ մեզ բաժին տանեին` իբրեւ թե մենք ենք մեղավոր»,-ասաց Գեւորգը:
Ըստ մեր զրուցակիցների` իրենց ընտանիքի եւ 4 ոստիկանների միջեւ ծեծկռտուքը տեւել է մոտ կես ժամ, որից հետո ոստիկանները նախ Գեւորգին են փորձել ծեծելով ոստիկանության բաժին տանել, այնուհետեւ հարսին եւ Նելլիին, ինչի հետեւանքով Գեւորգի կինն ունեցել է լուրջ խնդիրներով ծննդաբերություն:
Ոստիկանությունում հայտնված Նելլին, Գեւորգն ու Սարգիսը սկսել են պատմել, թե իրենց հետ ինչ է իրականում կատարվել, վերջիններս քննիչի սենյակում գրել են, որ ոստիկաններն իրենց ծեծել են անհասկանալի պատճառով: Որոշ ժամանակ հետո Սարգսին կալանավորել են` առաջադրելով 316 հոդվածի 2-րդ մասը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
Իսկ Գեւորգին մեղադրանք են առաջադրել 316-ի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նելլիին եւ Գեւորգին ստորագրությամբ բաց են թողնել:
Վերջիններս հասկանալով, որ իրենց ընտանիքը կործանվում է, եւ ընտանիքից երեք հոգի ձերբակալվելու է, հետեւել են քննիչի եւ դատախազի` Արտակ Մկրտչյանի «խորհրդին» եւ փոխել իրենց ցուցմունքը. «Ասեցին` գրե՛ք, որ ձեր ընտանիքի միջեւ ա եղել էդ կռիվը, ոստիկանները փորձել են օգնել, գոնե Սարգսի համար հեշտ կլինի, շատ չի նստի, թե չէ դուք գիտեք` սաղ ընտանիքիդ փակելու են: Մենք էլ ստիպված համաձայնեցինք ու մեր ցուցմունքը փոխեցինք: Իմ ընտանիքին օգնելու համար եմ արել»,-լացակումած պատմեց Նելլին:
Արդեն մեկ տարի է` Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է վերը նշված ընտանիքի եւ 4 ոստիկանների ծեծկռտուքի պատմությունը: Մեր զրուցակիցները նշեցին, որ դատարանում ամեն ինչ անում են իրենց ընտանիքին մեղավոր ճանաչելու համար, անգամ կեղծ փաստեր են բերում. «Տաքսու վարորդի են բերել, որին չենք էլ ճանաչում»: Իսկ Սարգիս Միքայելյանը շուրջ մեկ տարի է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ արդեն 5 օր է` անժամկետ հացադուլ է հայտարարել: Երեկ արդեն դատարանը պետք է հրապարակեր վճիռը: Սակայն երեկոյան տեղեկացանք, որ դատարանը վճիռ չի կայացրել, քանի որ Սարգիս Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ: Վերջինս հաստատեց, որ Սարգիս Միքայելյանը հացադուլ է հայտարարել: «Նոյեմբերի 25-ին հացադուլ է հայտարարել. բողոքում է քրեական գործից եւ նախաքննությունից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ»:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ, ՀԵՏՈ ԷԼ՝ ԴԱՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ