Armenian text to speach

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին, ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իշխանական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի օգնությամբ առանց համապատասխան փաստաթղթերի եւ առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար:

 

Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաք՝ պաշտոնատար անձին հանդիպելու նպատակով։

Պաշտոնատար անձի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին պաշտոնատար անձը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ եւ գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, պաշտոնատար անձը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին եւ առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երեւանի Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է պաշտոնատար անձին, որի ընթացքում վերջինը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար` նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը (200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում, պաշտոնատար անձը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ: Պաշտոնատար անձի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը ԱԺ-ի վարչական շենքի մոտ՝ Երեւանի Սիրահարների այգում հանդիպել են պաշտոնատար անձին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Պաշտոնատար անձը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:

Նշենք, որ Սլավիկ Կարապետյանը եւ Աշոտ Կմավոսյանը ԱԺ պատգամավոր Հոեվիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձինք են, որոնց մասով գործը դատարանում է, իսկ Աղազարյանի մասով քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է: Գործը քննելու է դատավոր Սուրեն Խաչատրյանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԻՐԱՆՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

2024 թ. սահմանազատման հետեւանքով Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին սահման դարձած պատի մոտակայքում է։ Եկեղեցու հետեւում երեւում է սահմանագիծ համարվող մետաղյա ցանկապատը։ Սուրբ Երրորդությունը բազիլիկ տիպի եկեղեցի է, որը կառուցվել է 1888 թվականին։ Այն գործել է մինչեւ 1930-ական թվականների կեսերը: Խորհրդային իշխանությունների որոշմամբ՝ եկեղեցու շենքը պետք է քանդվեր, սակայն այդ ժամանակ գյուղի ղեկավար Աբգար Նազարյանի ջանքերով շենքը պահպանվել է՝ վերածվելով ցորենի պահեստի։ Ամբողջությամբ ավերվել է եկեղեցու տանիքը, պատերի որոշակի հատվածներ ճաքել են, քանդվել է սալահատակը, որոշ տեղերում փակվել են եկեղեցու մուտքերը եւ պատուհանները։ 2024 թվականի պետական բյուջեից 66 միլիոն 127 հազար դրամ է հատկացվել Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքներն արդեն 6 ամիս ընթանում են, երեւանցի շինարարները շատ գործ են արել։ Նախատեսվում է եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտել 2025 թվականին։

 

 

 

ԱՂԲԱՎԱՅՐ՝ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Տուրիստական Դիլիջան քաղաքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Աղստեւ գետի հենց  ձախ ափին նորահայտ աղբավայր կա։ Միջպետական ավտոճանապարհի եզրին՝ ճանապարհի երթեւեկելի մասից 10-15 մետր հեռավորությամբ՝ գետի ափին թեքության վրա թափված են շինարարական աղբով բազում պարկեր։ Այդ բացված պարկերից շինարարական տարատեսակ աղբ թափվում է գետ։  Մինչ Աղստեւի ստորին հոսանքում՝ Իջեւանում, Իջեւանի համայնքապետարանը տրակտորով Աղստեւ գետի հունը մաքրում է զանազան աղբից, Դիլիջանում Աղստեւը կեղտոտում են շինարարական, նաեւ կենցաղային աղբով։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, համայնքապետարանի պաշտոնյաները, համայնքի ավագանու անդամները, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները չե՞ն տեսնում այս խայտառակությունը։

 

 

 

29 ԴՊՐՈՑ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների շենքերի վիճակի վերաբերյալ մեր թղթակցի տեղեկատվական հարցմանն ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են. «2025թ. մարտի 19-ի դրությամբ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցից 10-ն ունի հիմնանորոգման կարիք (4 դպրոցում արդեն սկսվել է, իսկ 6 դպրոցում՝ շուտով), 8-ը՝ վերանորոգման, 11-ը՝ մասնակի նորոգման»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս