Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Նոր ժամանակներ» կուսակցության 6-րդ համագումարը, որի ընթացքում որոշվեց, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՆԺԿ-ն կմասնակցի առանձին, իսկ ՀՀ նախագահի հերթական կամ արտահերթ ընտրությանը` սեփական թեկնածուով:
Համագումարում ընդունված բանաձեւում ասվում է. «Ընտրություններն օգտագործելով որպես քաղաքական պահ եւ համագործակցելով այլ քաղաքական եւ հասարակական ուժերի եւ ակտիվ քաղաքացիների հետ` հայկական քաղաքական թատերաբեմից անվերապահորեն հեռացնել բացառապես խմբային շահերով առաջնորդվող գործող վարչախմբին եւ նրա սպասարկուներին»:
Ինչպես հայտարարված էր նախապես, համագումարին հրավիրված չէին քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Սա աշխատանքային քննարկում է, եւ միայն մեր ընկեր լրատվամիջոցներն են ներկա»,-հայտարարեց Արամ Կարապետյանը (նիստերի դահլիճում էին «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ «Ժողովուրդ» օրաթերթերի ներկայացուցիչները): Համագումարի մեկնարկին Արամ Կարապետյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կուսակիցների հիշատակը, որոնք մահացել են: Պարզվում է` 4 տարվա ընթացքում ՆԺԿ-ի 43 անդամներ վախճանվել են:
Եւ այսպես, բազմամարդ դահլիճում ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը հանդես եկավ ելույթով` մեկ առ մեկ անդրադառնալով մեր երկրում առկա արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներին: Ըստ Կարապետյանի` անհասկանալի է, թե մեր երկիրն արտաքին քաղաքական ինչ ուղղվածություն ունի եւ ուր է գնում: «Մեզ ասում են, թե Կարապետյանը չի ուզում` ինքնիշխան երկիր ունենանք, եւ ուզում է` երկիրը տանք ռուսներին: Եթե մի ինքնիշխան երկրում պետք է պաշտոնյան կնոջը ծեծի ու մնա անպատիժ, այդպիսի ինքնիշխան երկիր մեզ պետք չէ,-ասաց հռետորը` ավելացնելով, որ մեր երկրում աբսուրդը թագավորում է ամենուր,-վարչապետը հարբած ելույթ է ունենում, նախարարը շարիկ է գլորում բյուջեի քննարկման ժամանակ, ԱԺ-ում ինչ կենդանիների հետ ասես` չեն համեմատում իրար: Լավ, այսպես մինչեւ ե՞րբ: Սա՞ է ինքնիշխանությունը»: ՆԺԿ ղեկավարը դժվարացավ քաղաքագիտական կամ տնտեսագիտական որակում տալ հայրենի կառավարության գործունեությանը` ամփոփելով այն երկու բառով` ալան-թալան: Եւ այս ֆոնին Հ1-ի մատուցած Հայաստանի նկարագրությունը, թե մենք դրախտային երկրում ենք ապրում, պարզապես ամոթալի է: «Ես կարծում եմ, որ Կաշպիրովսկին Հ1-ից պիտի լիցենզիա ստանա»,-ասաց Կարապետյանը, որի այս խոսքերին դահլիճը բուռն ծափողջույններով արձագանքեց:
Խոսելով Եվրասիական միության եւ ընդհանուր մաքսային սահման ունենալու անգամ գաղափարին միանալ չցանկացող Հայաստանի իշխանությունների մասին` Կարապետյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը դիմադրում է, քանի որ գիտի, որ այդպես կվտանգվեն օլիգարխների ու նաեւ իր եկամուտները: «Այդ դրա համար չեն ցանկանում միանալ: Նրանք ցանկանում են ինքնիշխան երկրի օպերատոր լինել: Թե չէ Եվրոպայում Տիգրան Սարգսյանը փաստաթուղթ է ստորագրում, իսկ երբ հերթը հասնում է Եվրասիական միությանը, ասում են` ընդհանուր սահման չունենք: Բա նրանց հետ ունե՞նք»,-հարցադրումներով բացատրեց ՆԺԿ ղեկավարը:
Կարապետյանը, որ ի սկզբանե ընդգծեց` մեկ պարբերությամբ է անդրադառնալու ընդդիմադիր դաշտին, նկատեց, որ այստեղ եւս անտրամաբանական իրավիճակ է: «Աշխարհի ո՞ր երկրում է օլիգարխն ինքնուրույն հրաժարվել իր իշխանությունից»,-հարցադրեց հռետորը` բացատրելով, որ չարժեր համագործակցության առաջարկ անել խոշոր գործարարին: «Կարո՞ղ է մի օր էլ Սերժ Սարգսյանի հետ համագործակցեն` Սերժ Սարգսյանին հեռացնելու համար»,-հռետորական հարց ուղղեց Արամ Կարապետյանը:
Հ.Գ. Կառավարության մասնաշենքում երեկ բավականին տաք էր, սակայն նիստերի դահլիճում անմարդկային ցուրտ էր: Տպավորություն էր, որ միտումնավոր չեն ջեռուցել հենց դահլիճը: Այս կապակցությամբ ՆԺԿ փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը հիշեց վարչապետի` խմողներին սիրող պապին` ասելով, որ եթե խմած լինեինք, չէինք զգա, որ ցուրտ է:
ԵՐԿԻՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թ.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ