Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 236․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը, իր հերոսական «հատիկ-հատիկ» օպերացիայի գործունեությունը ներկայացնելով, հայտնել էր. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 123 մլն 224 հազար ՀՀ դրամ է»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով օգոստոսի 18-ին հարցում էր ուղարկել Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանին՝ պահանջելով տեղեկություններ այս մարզադաշտի մասին, քանի որ մենք ինֆորմացիա ունեինք, որ այդ տարածքը պատկանել է Վազգեն Սարգսյանի զինակից ընկեր Հարություն Հարությունյանի միակ ժառանգին, որի ձեռքից պետությունը խլել է սպարապետի ժամանակ նրանց ընտանիքին տրված անշարժ գույքը:

Եվ ահա, 14 օր անց քաղաքապետը «Ժողովուրդ» օրաթերթին սկանդալային պատասխան է տվել. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա մակերեսով անշարժ գույքը երբեւիցէ հանգուցյալ՝ Հարություն Հարությունյանի միակ ժառանգին չի պատկանել. նշված մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին»:

Այս դեպքում հարց է առաջանում, թե 2006 թվականից համայնքապատկան հողակտորը Նիկոլ Փաշինյանը ինչպես է «հատիկ-հատիկ» վերադարձրել Մարտունի համայնքին ու պարծենում է վերադարձրածով՝ այն շուկայական արժեքով գնահատելով 123 մլն դրամ:

Սա նշանակում է, որ հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում է քաղաքացիներին, ստում ու մոլորեցնում՝ թալանի վերադարձի հոգնեցնող վերնագրերով»։

Ի պատասխան դատախազությունից հայտնեցին․

Հրապարակման մեջ կիրառված՝ «վերադարձվել է համայնքին» ձևակերպմամբ փաստվել է գույքի՝ փաստացի համայնքի տիրապետմանը վերադարձվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ հողամասը, հանդիսանալով համայնքային սեփականություն, ծանրաբեռնված է եղել այլ անձանց իրավունքներով, մասնավորապես՝ առկա է եղել ապօրինի գրանցված վարձակալության իրավունք և համայնքը փաստացի զրկված է եղել գույքի տիրապետման իրավազորությունից: Դատախազական ներգործության արդյունքում համայնքը միջոցներ է ձեռնարկել գրանցված իրավունքի դադարեցման ուղղությամբ, որի արդյունքում իրավունքի գրանցումը դադարեցվել է՝ այդպիսով համայնքին ընձեռելով գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 




Լրահոս