ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանից ճշտել, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք դատական նիստին վերջինս ինչ փաստաթղթեր է պատրաստվում ներկայացնել եւ ընդհանրապես, ինչպես է դատարանում պաշտպանվելու:
Նախկին մարզպետը տեղեկացրեց, որ հրաժարվել է իր դատապաշտպան Լիանա Գրիգորյանի ծառայություններից:  «Ես հերթական դատական նիստին ներկայանալու եմ առանց դատապաշտպանի: Կարծում եմ, որ ինձանից լավ ոչ ոք չի կարող իմ շահերը պաշտպանել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է հրաժարվել պաշտպանից, Հովակիմյանը պատասխանեց. «Մեր միջեւ ոչ մի կոնֆլիկտ չի եղել, պարզապես նա շատ զբաղված է, ունի շատ գործեր եւ չի հասցնում»: Հնարավո՞ր է, որ փաստաբանի ծառայություններից նախկին մարզպետը հրաժարվել է, քանի որ նա որոշակի տեղեկություններ է տրամադրել մեղադրող կողմին, ինչպես վարվում են շատ փաստաբաններ: Այս հարցին Վ.Հովակիմյանը ժխտական պատասխան տվեց` ո՛չ: Իսկ փաստաբան Գրիգորյանը հրաժարվեց «Ժողովուրդ»-ի հարցերին պատասխանել` խորհուրդ տալով դիմել Վարդգես Հովակիմյանին:
Տպավորություն կա, որ իրականում ինչ-որ «սեւ կատու» է անցել մարզպետի եւ նրա փաստաբանի միջեւ, որի մասին երկու կողմերն էլ ցանկանում են լռել:
Հիշեցնենք, որ նախկին մարզպետը մեղադրվում է ՀՀ  ՔՕ 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնական լիազորության չարաշահում, 314 հոդվածով` պաշտոնական կեղծիք  եւ 315 հոդվածի 2-րդ կետով` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում: Այս հոդվածների համար նախատեսվում է պատիժ՝ առավելագույնը 10 տարվա ազատազրկում:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս