Armenian text to speach

Փոխնախարարը օգնել է հանքը «խլել» մի ընկերությունից՝ տալով մյուսին՝ ինքն էլ դառնալով փոխտնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հեղափոխության լիդերները գալիս էին մերժելու ԽԾԲ-ն եւ կոռուպցիան՝ հնչեցնելով, թե «ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»։ Հիմա ավելի քան երբեւէ դրանք ազատ լողում են իրավապահ համակարգի առջեւ։

 

Երեկ Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին եւ հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, որոնք նա կիրառում է, ինչ արդյունավետություն են ցույց տվել մինչ այս պահը. պատգամավորը հնչեցրեց 3 հայտնի դրվագ.

 

  1. 2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր արդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը եւ այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երեւանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաեւ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկին։

Թովմասյանն ընդգծել է այս գործարքում ծանոթ-բարեկամ ունենալը եւ կոռուպցիոն սխեման։

 

  1. ԱԺ պատգամավորի հաջորդ ընդգծումը կապված էր հայաստանյան խանութներում բազմաթիվ ապրանքների՝ նոր կանոններով վաճառքի հետ։ Դրանց վրա այժմ կան հատուկ QR կոդեր՝ թվային ծածկագրեր։ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Այս մասին մամուլում բազմիցս է գրվել։ 2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։ Հետեւաբար՝ բազմապատկվելու է նաեւ շրջանառվող միլիարդների չափը։ Այս գործարքն իրականացնելու համար  Ազգային օպերատորի ընտրության մրցույթը կայացավ պատերազմի ավարտից  եւ նոյեմբերի 9-ի թաստաթղթի ստորագրումից 3 օր անց։ Պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Պատերազմի թեժ շրջանում Կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի:

Միքայել Փաշայանը, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում, 2008 թվականին՝ 26 տարեկանում, արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ից՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։ Թագուհի Թովմասյան այս կետով ընդգծում էր այն երեւույթը, երբ պաշտոնյան մասնակցում է նախագծի ներդրմանը, ապա իրագործելուն պես՝ լքում է համակարգն ու սկսում հակառակ բեւեռում գործունեություն իրականացնել։

  1. Երրորդ դրվագով պատգամավորն ինքն էր բացահայտումն իրականացրել հարցումների միջոցով։ Մասնավորապես, նա պարզել էր, որ Դաստակերտի հանքավայրը ուներ շահագործող ընկերություն ՝ «Մոլիբդենի աշխարհ»-ը, եւ այս ըներության հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել։ Չբացելով չակերտները՝ Թովմասյանն ընդգծեց, որ դատական գործի քննության ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի միջոցով այդ հանքավայրը փաստացի տրվել է մի անձնավորության, որի հետ այս պաշտոնյաները ունեն սերտ հարաբերություններ։ Խոսքը Սասուն Ավետիսյանի մասին էր, որը դարձել է հանքի փաստացի սեփականատեր։ Ընդ որում, այդ հանքի մասով կա 2 որոշում. պատգամավորի ընդգծմամբ, իրավաբանորեն պարզ չէ, թե հանքն ում է պատկանում, բայց այս պահին շահագործվում է կոնկրետ անձի կողմից, ով ունի սերտ հարաբերություններ Սանոսյանի եւ Հարությունյանի հետ։

Ավելին՝ մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը, պաշտոնից հեռանալուց հետո, հանքավայրում նշանակվել է Կայուն զարգազման գծով տնօրենի տեղակալ։ Այս դեպքում եւս նույնն էր միտքը. պաշտոնյան հետո դառնում է ղեկավար մի բիզնեսում, որի ստեղծմանն ինքը նպաստել է։

Արթուր Նահապետյանն առաջին եւ երրորդ կետերի առնչությամբ տեղեկության չէր տիրապետում, անգամ դրանց մասին առաջին անգամ էր լսում։ Նահապետյանը, սակայն, խոստացավ աշխատանք տանել, ուսումնասիրել դրանք եւ անհրաժեշտության դեպքում՝ վարույթ հարուցել։

Նահապետյանը, QR կոդերի վերաբերյալ Թովմասյանի բարձրաձայնած խնդրին ի պատասխան, հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, եւ այս պահին այն գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Թե ովքեր են ներգրավված՝ դժվարացավ ասել:

 

 

 

 

Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ»

 

Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր:

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:

 

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, որպես փորձագետ, բացատրեց, որ նախարարության այս խորամանկ որոշման հետեւանքով տուժում են մեր երկրի բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ (ընդ որում, անհասկանալի է մնում՝ նշված 200 հազար դրամը վերաբերում է մաքուր աշխատավարձին, թե հարկերը ներառող ընդհանուր գումարին): Աշխատողները պետք է տարեկան 129 հազար դրամ ապահովագրության համար վճարեն:

Ստացվում է՝ այսօրվա գործող պետպատվերի համակարգը 2026-ից աշխատելու է 200 հազար եւ ավելի ստացող քաղաքացիների հաշվին: Իսկ ինչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Նրանց համար, ըստ նախարարության, առողջապահական նոր ծառայություններ մշակված չեն: Նրանք տարեկան մեկ անգամ «թեթեւ հետազոտություններ» եւ լաբորատոր ստուգումներ կարող են անցնել՝ ճիշտ այն ծառայությունները, որոնք այսօր նույն քաղաքացիները առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում ստանում են:

Ինչ է ստացվում. 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրեւ դարի բարեփոխում՝ առողջապահության ապահովագրություն: Մինչդեռ իրականում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար:

 

 

 

 

 

Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ Արցախի ներդրումային հիմնադրամից արված ենթադրյալ յուրացումների գործով: Պարզվում է՝ Արցախի եւ ՀՀ-ի մի շարք պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնությամբ, յուրացրել են հիմնադրամի փողերը, որոնք նախատեսված էին Արցախում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար:

«Արցախի ներդրումային հիմնադրամը», որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել էր 2007 թվականին` ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ. հիմնադիրը Արցախի Հանրապետությունն էր՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն Արցախի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաեւ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը: Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ եւ դրամներ՝ Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ըստ հաղորդման, բացահայտվել է կոռուպցիոն գործընթացներ պարունակող մի շղթա, ըստ որի՝ վերը նշված «Արցախի ներդրումային հիմնադրամին» Հայաստանի հարկատուների կողմից կուտակված եւ փոխանցված գումարները մսխվել են Բրիտանական կղզիներում գրանցված եւ շվեյցարական բանկի օվշորներում գտնվող ընկերությունների կողմից. ընդհանուր հաշվով խոսքը 467 մլն դոլարի մասին է, որը կուտակվել է ՀՀ հարկատուների գումարներից, օգտագործվել հիմնականում 46-47 ընտանիքի կողմից։

«Իմաստ» ՍՊԸ-ն, որն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին, եւ որի 100% բաժնեմասը պատկանել է Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանին, գրանցվել է 2006 թվականին, սակայն ֆինանսական շրջանակի մեջ մտել է ավելի ուշ։ Ֆինանսական բուրգը սկսվել է կառուցվել, երբ նշված ընկերության 75% բաժնեմասը փոխանցվել է ոմն Նարինե Հովհաննիսյանին։ 2017 թվականին ընկերության անունը փոխվել է, շրջանառությունը սկսվել է՝ դառնալով «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ, ապա 2016 թվականին կրկին փոփոխվել՝ այս անգամ դառնալով «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ։

Բրիտանական օվշորում գրանցված «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի 75% եւ «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի 37,6% բաժնեմասերը պատկանում են շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին։ «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ն Արցախի հէկ-երն աշխատեցնող ընկերությունն է եղել։ Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է եւ «Արմսվիսբանկի» սեփականատերը։ Հենց Սրմաքեշի շուրջ էլ ձեւավորվել է կասկածելի շրջանակը։

2017 թվականին «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում ընդգրկվում է Կարեն Նաիրիի Բախշյանը, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին է, եւ այս ընկերությունում դառնում է 75%-ի բաժնետեր։ 2017 թվականի սեպտեմբերին 50% բաժնեմասն անցնում է Արգամ Հովիկի Աբրահամյանին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն։

2018 թվականին «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի ցանկում կրկին փոփոխություն է տեղի ունենում. ավելանում է եւս մեկ բաժնետեր՝ Գեւորգ Արամայիսի Մաչանյանը։

Ո՞վ է նա, եւ ինչպե՞ս է հայտնվել այս շրջանակի վերջնակետում. Մաչանյանը «Արմսվիսբանկի» գործադիր տնօրենն է՝ կառավարիչը։ Ստացվում է, որ այս ֆինանսական օղակի կարմիր թելը Վարդան Սրմաքեշի ձեռքում է։

Այս փողերը չնչին տոկոսով փոխանցվել են նշված ընկերություններին՝ որպես վարկ, սակայն օգտագործվել են ոչ թե պետականաշինության համար, այլ միանգամայն ուրիշ նպատակներով:

Այստեղ մեծ դերակատարում է ունեցել նաեւ Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած, Արցախի նախկին փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյանը: https://surl.li/njsyaa

Պարզվում է՝ «Հակարի» ՍՊԸ-ով Քաշաթաղի շրջանի հարավային թեւում ԱՀ նախկին նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Կոմիտաս Կարապետյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կանանց անուններով հէկ են շահագործել։

«Հետք»-ի մեր գործընկերները բացահայտել էին, որ «Հագարի 2» անվամբ հէկ շահագործող «Հակարի» ՍՊԸ-ի սեփականատերերից է Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը, ով ունի 25 % բաժնեմաս։

Ընկերության բաժնետերերից մեկը Արմենուհի Ղուկասյանն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կինը։ Արմենուհի Ղուկասյանն ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։

Մյուս բաժնետերը Էլիզաբեթ Պետրոսյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի կինը: Նա ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։

Ընկերության բաժնետեր է նաեւ Անահիտ Ղալթախչյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը: Հիշեցնենք, որ Ամբարյանը նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչ, իսկ նրա եղբայրը դատախազության՝ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ: Անահիտ Ղալթախչյանը «Հակարի» ընկերությունում ունի եւս 25 % բաժնեմաս։

Ներկայացված հաղորդման համաձայն՝ միայն այս 4 ընտանիքները 27 միլիոն դոլարի չափով յուրացում են կատարել «Արցախի ներդրումային հիմնադրամից»:

Շարունակելի

 

 

 

 

Որոնք են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «ամենահարուստ» կուսակցությունները

 

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, թե նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններ) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդը, մուտքերը եւ ելքերը որքան են կազմել հոկտեմբերի 30-ի դրությամբ։

Վերլուծության արդյունքներով` ամենաունեւոր եւ ֆինանսապես կայուն կուսակցությունը «Հայ հեղափոխական դաշնակցությունն» է, որի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 29 մլն 213 հազար դրամ։

Այս գումարից ելքագրվել է միայն անշարժ գույքի հարկ՝ 1 մլն 875 հազար 335 դրամի չափով։ Նշենք նաեւ, որ կուսակցությունը Հանձնաժողով չի ներկայացրել բոլոր հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը։

Բանկային հաշվին առկա գումարի չափով 2-րդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է ՝ 23 մլն 492 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։ Կուսակցության ծախսերը համեմատաբար համեստ են. 8 աշխատողի աշխատավարձի եւ արձակուրդայինի վճար՝ 1 մլն 72 հազար դրամ, դրոշմանիշային վճար՝ 18 հազար դրամ, ինչպես նաեւ մի շարք անկանխիկ փոխանցումներ՝ նվազագույնը 6,930-ից մինչեւ առավելագույնը 29,633 դրամ։

3-րդ տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 15 մլն 360 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։

Այս գումարից 462 հազար 700 դրամը կուտակվել է 41 անձից ստացված անդամավճարներով՝ նվազագույնը կազմել է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ։

 

Բացի դրանից ՔՊ-ն հաշվից ելքագրել է 31 մլն 487 հազար դրամ այլ ծախսերի համար. նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,080,000 դրամ, իսկ 30 մլն դրամը փոխանցվել է նախընտրականի հաշվին։

4-րդ տեղում «Հայրենիք» կուսակցությունն է 1 մլն 156 հազար 594 դրամ բանկային հաշվի մնացորդով։ Կուսակցությունը 1 մլն դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամին։

Կուսակցության հաշվին մուտքերը եղել են. «2 անձից ստացած նվիրատվություն, յուրաքանչյուրից՝ 500,000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1 մլն դրամ», եւ եւս 1 մլն դրամ հետեւյալ նկարագրությամբ՝ «այլ մուտքերն արգելված է ստանալ «Հայրենիք» կուսակության նախընտրական հիմնադրամում»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության բանկային հաշվի մնացորդները կազմել են 15 հազար 165 դրամ։

«Ժառանգություն»  կուսակցության վերաբերյալ ՀՀ բանկերում որեւէ տեղեկատվություն չի եղել. այսպես նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը 1 անձից ստացել է նվիրատվություն 192 հազար դրամ, իսկ, ահա, հոկտեմբերի 30-ի դրությամբ հաշվի մնացորդը կազմել է 13 հազար 600 դրամ։

«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը, որը «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ կազմում է «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ներկայացրել է ՀՅԴ-ից համեստ ֆինանսական հաշվետվություն, ըստ որի՝ կուսակցությունն այժմ բանկային հաշվում գումար չունի եւ միայն 490 հազար դրամ հատկացրել է Վաղարշապատ համայնքի՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ի ավագանու ընտրության քարոզարշավի նպատակով։

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը 1 անձից ստացել է 2,5 մլն դրամ նվիրատվություն եւ նույնքան էլ հատկացրել է Վաղարշապատ համայնքում ընտրության ծախսերի համար ու հոկտեմբերի վերջին բանկային հաշվին գումար չի ունեցել։

Հարկ է նշել, որ սա ամենավերջին հաշվետվություւնն է, որ ներկայացվել է ԿԿՀ-ին։ Ուշագրավ մի փաստ կա առաջին հաշվետվության մեջ, որը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին։

Համաձայն այս հաշվետվության՝ ՔՊ-ն ամենաունեւոր կուսակցությունն է 55 մլն 432 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։

ՔՊ-ն 17 անձից ստացել է նվիրատվություն 10 մլն 600 հազար դրամ, որը կուտակվել է՝ նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ նվիրատվությունից, իսկ 921 հազար դրամը կուտակվել է 33 անձից ստացված անդամավճարներից՝ նվազագույնը 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը 700,000 ՀՀ դրամ։

Նվիրատուների մասին տեղեկատվություն առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն եւ հանգամանալից ներկայացնել ու բացահայտել՝ ովքեր են նվիրատուներն այս անգամ։

 

 

 




Լրահոս