Կառավարությունում քննարկվել են սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանություն է տվել ՀՀ տարածքում նոր կառուցվող, վերականգնվող և ուժեղացվող շենքերում սեյսմամեկուսացման համակարգեր կիրառելու վերաբերյալ առաջարկներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի նշված համակարգերի կիրառումն ապահովող համալիր միջոցառումները և Երևանի այն բազմաբնակարան շենքերի ցանկը, որտեղ անհրաժեշտ են նման աշխատանքներ: Նիստում անդրադարձ է կատարվել նաև բուհերում “Շենքերի և կառուցվածքների սեյսմամեկուսացում” մասնագիտությամբ կադրերի պատրաստման հարցին: Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրների ռազմավարական ծրագրի մշակմանը՝ խորհուրդն առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարներին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել վերը նշված ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև մեքենայացման և մեքենաշինության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները: Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հաղորդումը փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Խորհուրդը քննարկել է նաև առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգային հարցերի շրջանակը:




Լրահոս