Եվ այսպես` կես ամիս տեւած մոնտաժային աշխատանքներից հետո վերջապես ավարտվեց գլխավոր տոնածառի տեղադրումը: Թե որն էր անցած տարիների նույն կոնստրուկցիաների վրա հավաքվող տոնածառի այդքան դանդաղ տեղադրման պատճառը, հայտնի չէ, սակայն արժե նշել, որ բավականին տհաճ էր երկրի թիվ մեկ հրապարակում ուղիղ 15 օր շարունակ տեսնել տոնածառի նախ մետաղյա կիսակմախքը, ապա նաեւ մնացած անավարտ մասերը: Ինչեւէ, տոնածառը վերջապես դրված է, ավելի ճիշտ` հավաքված բնական եղեւնու 6 հազար ճյուղերից: Մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների բացումը կանի անձամբ նորընտիր քաղաքապետը` դեկտեմբերի 20-ին վառելով տոնածառի լույսերը: Քաղաքապետարանից խոստանում են նաեւ Ազգային պատկերասրահի շենքի վրա Ամանորի թեմայով եռաչափ 3D շոու, հուշանվերների տոնավաճառ Հյուսիսային պողոտայում եւ այլն: Բացի այդ, տոնածառեր են տեղադրվելու բոլոր վարչական տարածքներում, կիսով չափ ավելանալու է ամբողջ քաղաքի տոնական լուսավորությունը, իսկ մայրաքաղաքի շուրջ քառասուն փողոցներ էլ հատուկ զարդարվելու են: Մի խոսքով, չնայած երկրի սոցիալական ծայրահեղ վատ վիճակին, Տարոն Մարգարյանը որոշել է ամեն ինչ անել, որպեսզի մայրաքաղաքը անցած եւ նախանցած` Կարեն Կարապետյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման տարիներից պակաս տոնական տեսք չունենա: Սակայն տարօրինակն այն է, որ նախ` քաղաքային իշխանությունները որեւէ կերպ չեն ցանկանում հրապարակել, թե քաղաքային բյուջեի վրա որքան է նստելու այդ ամբողջ տոնական զիզիբիզիությունը: Բացի այդ, ըստ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի՝ փողոցների ձեւավորման վրա Երեւանի բյուջեից ոչ մի կոպեկ փող չի ծախսվելու, եւ մայրաքաղաքը, փաստորեն, զարդարվելու է ինքն իրեն: «Մենք կազմակերպությունների համար լայն դաշտ ենք ստեղծել իրենց արտադրանքը գովազդելու համար»: Ասել է թե` ով ինչպես ուզի` զարդարելու է իր ցանկացած հատվածը` տեղադրելով նաեւ սեփական գովազդը: Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչի համար է ընդհանրապես քաղաքի գլխավոր դիզայների պաշտոնը, եթե քաղաքի ձեւավորման հարցերը լուծվելու են զուտ կոմերցիոն հիմունքներով: Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին քննադատում էին այն բանի համար, որ նա առաջնորդվում էր բացառապես բիզնես մտածողությամբ, բայց փաստորեն Տարոն Մարգարյանն իր նախորդին ոչ միայն չի զիջում, այլեւ անգամ գերազանցում է: Այսպես. քաղաքապետը հրահանգել է «ավելի խիստ լինել անօրինական Ձմեռ պապիների» նկատմամբ` թույլ չտալով նրանց մտնել Հանրապետության հրապարակ: Փոխարենը առաջարկվել է, որ այսուհետ քաղաքապետարանն արտոնագրեր տա Ձմեռ պապիներին` այդպիսով լուծելով թե՛ նրանց մասնագիտական վերահսկողության, թե՛ այդ ճանապարհով նաեւ քաղաքային բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովման հարցը: Ի՞նչ պակաս բիզնես մտածողություն է որ:
ԱՆՊԱՊ ՈՒ ԱՆԿԱՊ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ