Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սփյուռքի նախարար է վերանշանակվել Հրանուշ Հակոբյանը: Հակոբյանի թե կրթական, թե աշխատանքային գործունեության մասին տվյալները բավական առատ են:
1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի թիվ 1 դպրոցը: 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1989 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թ. գերազանցությամբ ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես դասախոս, իսկ Սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2008թ.-ից: Երեկ նա այդ պաշտոնում վերանշանակվեց երրորդ անգամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացված ունեցվածքի տվյալները բավական խոսուն են: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնյան կարողացել է այսքան տարիների ընթացքում զգալի ունեցվածք կուտակել:
Դեռևս 2013թ. ներկայացված հայտարարագրի դրամական միջոցներ բաժնում նախարարը նշել էր նաև ԽՍՀՄ ռուբլիով ունեցվածք, որը կազմում էր 82.881 ռուբլի:
Այդ հայտարարագրում նշված էր 28.287.610 դրամ, 26.881 դոլար և 21.827 եվրո: Վերջին տվյալները վերջերս ներկայացված հայտարարագրում փոփոխության չեն ենթարկվել: Նվազել են միայն դրամով ներկայացված տվյալները: Ըստ այդմ` դրանք դարձել են 27.256.628 դրամ:
2013-ի հայտարարագրում նախարարը նշել էր նաև մեկ բնակարան, մեկ հողակտոր և մեկ ավտոտնակ, որոնք սակայն նոր հայտարարագրում բացակայում են:
Նախարարի եկամտի հիմնական աղբյուրը, ըստ հայտարարագրի, կազմել են աշխատանքի վարձատրություններն ու տրված փոխառություններից ստացված եկամուտները: Ընդհանուր առմամբ, այս ամենից Հրանուշ Հակոբյանը վաստակել է 9.504.806 դրամ: