ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԱԿՆԵՐԸ ԿՏՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզի դատախազություն են հրավիրել մի քաղաքացու, որն այնտեղ իրեն ինքնավնասել է: Վանաձորի գրասենյակը երեկ մինչեւ ուշ երեկո պարզում էր, թե որն է եղել 50-ամյա տղամարդու ինքնավնասման պատճառը:
Իրավապաշտպանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն վնասած քաղաքացի Արթուր Մատինյանին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց: Արթուրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ապրում է Երեւանյան 129 հասցեով: Տեղեկացանք նաեւ, որ 50-ամյա Արթուր Մատինյանը ամուսնալուծված է, ունի երկու երեխա. դուստրն ամուսնացած է, իսկ ինքն ապրում է մոր հետ: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք դեռեւս չեն կարողացել պարզել, թե իրականում ինչ է կատարվել, ուղղակի փաստն են արձանագրել, որ քաղաքացին դատախազությունից հետո հայտնվել է հիվանդանոցում. «Մենք, ստանալով ահազանգը, գնացել ենք իրենց բնակարան, բայց ինքն այնտեղ չէր: Հիմա մենք ամեն ինչ անում ենք` պարզելու համար, թե որտեղ է գտնվում Արթուր Մատինյանը եւ ինչու է հայտնվել դատախազությունում, կամ արդյոք իրեն հրավիրել են դատախազություն, ստիպողաբար են այնտեղ տարել, կամ ինչն է եղել դատախազություն տանելու պատճառը»:
Առայժմ հայտնի չէ, թե Մատինյանն ինչով է իրեն վնասել: Իրավապաշտպանի ունեցած տեղեկատվությամբ Արթուր Մատինյանը դատախազությունում իր երակներն է կտրել. «Բայց դա դեռեւս  հաստատված չէ, մենք չենք կարողանում պարզել, քայլեր ենք ձեռնարկում՝ պարզելու այդ ամենի պատճառը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս