Արդեն շուրջ 4 տարի Հայաստանի կառավարությունը չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի շինարարական աշխատանքները։ Ինչու, որովհետև ի քաղաքացի թույլ չի տալիս երկրի համար բախտորոշ ճանապարհի կառուցումը շարունակել։
Տեղեկացնենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը սկսվել է 13 տարի առաջ։ 556 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության մեկնարկից 7 տարի անց՝ 2019-ին նախատեսվում էր այն ամբողջությամբ շահագործման հանձնել։ Բայց չստացվեց։ Ծրագրի մեկնարկից ավելի քան մեկ տասնամյակ անց պատրաստ է ճանապարհի մոտ 80 կմ հատվածը կամ ընդհանուրի 18 %-ը։ Գործող իշխանությունները միայն առանձին հատվածների համար են ժամկետներ խոստանում։ Ծախսելով մի քանի հարյուր միլիոն դոլար՝ Գյումրիից մինչև Երևան ավտոճանապարհն է կառուցվել վարկային միջոցներով, որի համար պետությունը վարկը մարում է, բայց գործը կիսատ է։
Երևանում 250 մետր չի կառուցվում, քանի որ Երևանի Շերամի փողոց 34/1 հասցեի հողամասի՝ ճանապարհն ավարտելու համար անհրաժեշտ 503 քառակուսի մետր տարածքը դեռևս 2018-ին գերակա շահ է ճանաչվել և 46 մլն դրամով օտարվել Հայաստանին։ Սակայն սեփականատեր, նախկին ազատամարտիկ Արշակ Արշակյանը 2022 թվականին ՀՀ կառավարության դեմ հայց է ներկայացրել դատարան՝ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու և պետության անունով կատարված իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։
Ավելին՝ հայցվորը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատական գործի քննության ավարտը բոլոր կողմերին արգելվի հողամասի հետ կապված որևէ գործողություն կատարելը, այդ թվում՝ քանդման կամ շինարարական աշխատանքներ, վտարման գործողություններ, օտարում, գրավադրում և վաճառք։ Այս միջնորդությունը դատարանը բավարարել էր։ Դրա համար գործընթացը փաստացի կասեցված է 4 տարի շարունակ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ասիական զարգացման բանկի պատվերով 2025-ի օգոստոսին իրականացվել է հողամասի նոր գնահատում, ինչի հիման վրա քաղաքապետարանը սեփականատիրոջն առաջարկել է 202 մլն դրամ, մոտ 5 անգամ ավելի, քան նախկինում փոխհատուցել են։ Բայց սեփականատերը կրկին չի համաձայնել՝ պահանջելով 700 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև 10 տարի օգտագործած հողի սեփականաշնորհում ու դրա դիմաց էլ փոխհատուցում։ Կարճ ասած՝ ինչքան հնարավոր է, փող է ցանկանում ստանալ պետությունից։
Սա ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի կողմից ասված Սանտա Բարբարան հիշեցնող դատավարությունը։ 2018-ից սկսած այս հարցը լուծում չի ստանում։ Արդյունքում տուժում է Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ քաղաքացին։
Ահա Սանտա Բարբարա հայտնի հեռուստասերիալը հիշեցնող դատավարության վառ դրսևորումը։ 2018 թվականից այս տարածքը պետական գերակա շահ է ճանաչվել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության ավտոճանապարհ կառուցվի՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, բայց 8 տարի է այստեղ խայտառակ խցանումներ են, և ավտոմայրուղու կարևորագույն հատվածը՝ Երևանի հարավարևմտյան թաղամասում, ուղղակի կանգ է առել։
ArmLur.am-ը վիճահարույց հատվածում արձանագրեց, որ իրավիճակն իսկապես անելանելի է․ կիլոմետրերի հասնող խցանումներ օրվա տարբեր ժամերի, ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցման ընթացքի կասեցում և, վերջապես, պետության անկարողություն։ Ինչու՞։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ՍՄՍ չի գրում որևէ դատավորի՝ պահանջելով հարցի լուծում։ Ինչու՞։ Որովհետև սեփականատերն ընդդիմադիր չէ, գործող և ներկա թաղապետերի հետ ունի հարաբերություններ, ուստի հարցը թողել են ինքնահոսի։ Էս մասով մենք հրապարակում ունեցել ենք, լուսանկարներն օգտագործեք։ Ոչինչ, որ պետությունը տուժում է, որ վարկերը մարում է ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին, ոչինչ, որ տարիներով մարդիկ խցանված են մնում այս հատվածներում։
Պետության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը խցանված է։ Մեկ քաղաքացի՝ նախկին ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» գնդի հրամանատարներից Արշակ Արշակյանը, կանգնեցրել է պետության զարգացման ընթացքը՝ պետությանը պատճառելով միլիոնավոր դոլարների վնասներ։ Հազարավոր քաղաքացիներ պետք է օգտվեն այս ճանապարհից ամեն օր, սակայն այն արգելափակված է, մարդիկ չեն օգտվում։ Ավելին՝ խցանման պատճառով միլիոնավոր վնասներ են կրում մարդիկ․ ավելի շատ վառելիք են ծախսում մեքենաների վրա, անիմաստ ժամանակ կորցնում և այլն։
Իսկ Նիկոլ Փաշինյանը Սանտա Բարբարան հիշեցնող դատական գործերի մասին խոսելիս չգիտես ինչու պատկերացնում է միայն նախկիններին վերաբերող գործերը։ Իսկ այս 250 մետր ավտոճանապարհի հարցը 8 տարի է Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անկարող է լուծել։ Թերևս, եթե սեփականատերը լիներ ընդդիմադիր, հարցը լուծված կլիներ, հողի սեփականատերն էլ՝ բանտում՝ պետության դեմ դուրս գալու, պետական շահը ոտնահարելու և այլ ծանրագույն մեղադրանքներով։
Հիմա ինչ փուլում է գտնվում գործը, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից հնարավոր չեղավ պարզել։ Հուսանք՝ դատական քաշքշուկը կվերանա, և պետությունը կկարողանա տեր կանգնել իրապես հանրային շահին, ու ի վերջո ճանապարհի խցանված հատվածի շինարարությունը մի օր կշարունակվի և նույնիսկ ավարտին կհասնի։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսնայութում․
























































































