Երևանի ավագանու երեկվա նիստը վերածվել էր սկանդալի և ծեծկռտուքի։ Միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կոշտ և վիրավորական տոնով դիմել էր ընդդիմադիր ավագանու անդամներին։
«Արմենակ Դանիելյան, ձենդ իջացրու, արա, լսի, այ տղեն դու ես, այ տղա, հանգստացի ու դավայ ստեղից, դուրս կհելնես՝ կասեմ քեզ ինչ կլինի»,– ասել է Փամբուխչյանը։
Այնուհետև նա շարունակել է. «Դուք գնացեք, ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող լիդերի մասին մտածեք, ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ, սուս կմնաք ելույթների ժամանակ»։
Հենց այս հայտարարություններից հետո իրավիճակը լարվել է, և նիստերի դահլիճում բախում է սկսվել «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև։ Փաստացի, տեղի ունեցած միջադեպի անմիջական նախորդող հայտարարությունները հնչեցրել է հենց Արմեն Փամբուխչյանը, ինչից հետո էլ վեճը վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։ Օրվա երկրորդ կեսին նա տեսանյութ հրապարակեց, որով ներողություն էր խնդրել քաղաքացիներից նման տհաճ իրավիճակին ականատես լինելու համար։Սակայն նա տեղի ունեցածը անվանել էր սադրանք։
Այս աղմկահարույց միջադեպի ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ գույք, եկամուտներ և ֆինանսական միջոցներ է հայտարարագրել Երևանի առաջին փոխքաղաքապետը վերջին տարիներին։
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Փամբուխչյանը ունի երկու բնակարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Դրանցից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։
Տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներից մեկում տարվա սկզբին եղել է 29.5 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 35.7 մլն դրամ։ Միաժամանակ 8.800 եվրո մնացորդ ունեցող հաշիվը փակվել է կամ զրոյացվել։ Կանխիկ միջոցները նույնպես աճել են. 13.650 դոլարը դարձել է 16.850 դոլար, իսկ 3.5 մլն դրամը՝ 4 մլն 471 հազար դրամ։
Հետաքրքրական է, որ 2024 թվականին հայտարարագրված 15 հազար միավոր Fasttoken կրիպտոակտիվը 2025 թվականի վերջում այլևս առկա չի եղել։ Հայտարարագրում նշված չէ՝ այն վաճառվել է, փոխանցվել, թե այլ կերպ օտարվել։
2025 թվականին Փամբուխչյանի եկամուտը կազմել է 25 մլն 407 հազար դրամ, որից 21 մլն 952 հազար դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, իսկ 3 մլն 455 հազար դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։ Միաժամանակ նա շարունակում է ունենալ շուրջ 26 մլն դրամ հիպոտեկային վարկային պարտավորություն։
Հայտարարագրից պարզ է դառնում նաև, որ պաշտոնյան հանգստի նպատակով ճանապարհորդությունների և կեցության համար ծախսել է 2 մլն 350 հազար դրամ, իսկ վարկի մարման նպատակով՝ ևս 4 մլն 667 հազար դրամ։
2024 թվականին, նրա տարեկան եկամուտը կազմել էր 23 մլն 40 հազար դրամ։ Այդ ժամանակ բանկային հաշիվների մնացորդները մեկ տարվա ընթացքում 16.8 մլն դրամից աճել էին մինչև 29.5 մլն դրամ։ Կանխիկ միջոցները ևս ավելացել էին. դոլարային խնայողությունները հասել էին 13.650 դոլարի, իսկ դրամայինը՝ 3.5 մլն դրամի։
2024 թվականի վերջի դրությամբ նա դեռևս հայտարարագրել էր 15 հազար միավոր Fasttoken կրիպտոակտիվ, ինչպես նաև շուրջ 28 մլն դրամ վարկային պարտավորություն։ Նույն տարում վարկերի մարման նպատակով կատարել էր ավելի քան 4.3 մլն դրամի վճարումներ։
2023 թվականը Փամբուխչյանի համար առանձնացել է գույքային փոփոխություններով։ Այդ տարի նա վաճառել է իրեն պատկանող 2009 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենան՝ ստանալով շուրջ 6.16 մլն դրամ։ Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 27.7 մլն դրամ։
Նույն ժամանակահատվածում նրա բանկային միջոցներն աճել են մինչև 16.8 մլն դրամ, պահպանվել է նաև 8.800 եվրո խնայողությունը։ Կրիպտոակտիվների ծավալը 10 հազարից հասել է 15 հազար միավորի։ Վարկային պարտավորությունները կազմել են մոտ 28.7 մլն դրամ, իսկ միայն վարկերի մարման համար ծախսվել է մոտ 9 մլն դրամ։
2022 թվականին, երբ Փամբուխչյանը զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, նա ձեռք է բերել երկրորդ բնակարանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Գործարքի արժեքը կազմել է մոտ 38 մլն դրամ։ Նույն տարում նրա ընդհանուր եկամուտը հասել է շուրջ 56.4 մլն դրամի, սակայն այդ գումարի զգալի մասը ձևավորվել է բանկային վարկերի հաշվին։
Մասնավորապես, նա հայտարարագրել է ավելի քան 35 մլն դրամի վարկային միջոցներ «Ամերիաբանկից», մոտ 19.7 մլն դրամ աշխատավարձ նախարարությունից, ինչպես նաև այլ եկամուտներ միջազգային կազմակերպությունից։ Տարեվերջին ունեցել է ավելի քան 34 մլն դրամ վարկային պարտավորություններ, Lexus ավտոմեքենա, երկու բնակարան, բանկային հաշիվներում և կանխիկ տարբեր արժույթներով դրամական միջոցներ, ինչպես նաև Fasttoken կրիպտոարժույթ։
2021 թվականին, երբ նա Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալն էր, հայտարարագրել էր շուրջ 18.2 մլն դրամ եկամուտ։ Այդ ժամանակ նա ձեռք էր բերել Lexus մակնիշի ավտոմեքենա՝ ավելի քան 7 մլն դրամով, միաժամանակ վաճառելով նախկինում ունեցած Land Rover և Nissan մեքենաները։
Նրա բանկային հաշիվների մնացորդը մեկ տարվա ընթացքում աճել էր 4.28 մլն դրամից մինչև 7.3 մլն դրամ։ Աճել էին նաև կանխիկ միջոցները՝ թե՛ դրամով, թե՛ դոլարով։ Տարեվերջին պաշտոնյան ուներ շուրջ 9.6 մլն դրամ վարկային պարտավորություն և Էրեբունի վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան։
Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեկ ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալի և ծեծկռտուքի կենտրոնում հայտնված Արմեն Փամբուխչյանը պահպանել է երկու բնակարան, կուտակել է տասնյակ միլիոնավոր դրամների բանկային միջոցներ և կանխիկ գումարներ, հայտարարագրել է կրիպտոակտիվներ, ինչպես նաև շարունակել է մարել բազմամիլիոնանոց հիպոտեկային պարտավորությունները։ Միևնույն ժամանակ հենց նրա հնչեցրած կոշտ և սադրիչ արտահայտություններից հետո ավագանու նիստը վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։




























