Տ. Մարգարյանը մասնակցել է կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Երևանցիների սիրված հանգստի գոտին հերթական տարեշրջանը դիմավորում է նոր կենդանատեսակներով ու բարեկարգված տեսքով:

Տոնական օրվա շրջանակում այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Երեխաներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգու տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը մանրակերտի վրա քաղաքապետին է ներկայացրել կենդանաբանական այգու հեռանկարային զարգացման ծրագիրը, ինչպես նաև զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:

Զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին Աշխատավորների օրվա և կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական. «Կարծում եմ կենդանաբանական այգու արդեն մուտքից բոլորիդ համար նկատելի է, որ բավականին աշխատանքներ են տարվել: Եվ իրոք, արդեն իրականացված աշխատանքների ծավալը բավականին տպավորիչ է: Այգու վերակառուցման ծրագիրը մենք բաժանել ենք փուլերի:

Այս տարի Երևանի բյուջեում նախատեսել ենք 300 միլիոն դրամ, որն ուղղվելու է նոր ազատավանդակների կառուցմանը, եղածների վերակառուցմանն ու նորոգմանը, այգու տարածքի կանաչապատմանը, անտառային գոտու ավելացմանը, ոռոգման համակարգի ընդլայնմանն ու մի շարք այլ բարեկարգման աշխատանքներին: Բացի այդ, հրավիրել ենք կենդանաբանական այգիների միջազգային մասնագետների և նախագծողների, ովքեր կառաջարկեն այն չափորոշիչների կիրառումը, որոնք ընդունված են միջազգային համբավ ունեցող կենդանաբանական այգիներում: 

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով, 2015-2016թթ-ին մենք ավելի շատ միջոցներ կտրամադրենք կենդանաբանական այգուն: Մեր ցանկությունն ու նպատակն այն է, որ կենդանիների համար ստեղծենք բնականին առավել մոտ պայմաններ, ինչը, համոզված եմ, նաև այցելուների համար ավելի հետաքրքիր կդարձնի այգի այցելությունը: Իհարկե, ծրագրում ենք նաև նոր կենդանատեսակներով համալրել այգին»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը զրուցել է նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքները:

Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` այգում և, առհասարակ, ամբողջ մայրաքաղաքում նկատվող զգալի փոփոխությունների համար:

001_zoo-2

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս