Ուշագրավ իրավիճակ Էրեբունու կրակոցների գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանը ապամոնտաժի (քանդի) Էրեբունու կրակոցների դեպքի վայրում գտնվող հավաքատեղին կամ, ինչպես բնակիչներն էին պատմում,՝ խաղատունը։ Նշենք, որ կրակոցները հնչել էին հենց այդ նկուղային հարկի տարածքում, իսկ դեպքից հետո իրավապահները մի խումբ թաղային հեղինակությունների հավաքատեղին կապարակնքել էին։
Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն այսօր տարածքի ճաղավանդակները ապամոնտաժել է, և չի բացառվում, որ նշված տարածքի մասով այլ գործընթաց ևս իրականացվի։


Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ տղան՝ Գուրգեն Սիրունյանը։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթ կրելու շրջանակներում, և ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու՝ Մուրացան 109 հասցեում գտնվող խաղատան գործունեության մասով։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ աղմկահարույց կրակոցներից մեկ շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ և հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության պատճառը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ։ Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն։ Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայում են ներգրավված, և այլ անձանց՝ իրենց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել, ու սկսել են հաշիվներ մաքրել միմյանց հետ։ Արդյունքում, բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին։
Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին է հարցաքննվել։ Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է։
Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի։ Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և ներկայացվել է դատարան՝ կալանավորելու նպատակով։
Էրեբունիում 30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է։ Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է։ Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետևանքով վիրավորվածը 15-ամյա Գ. Մարգարյանն է։
Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել էր նռնակ, որը, բարեբախտաբար, չէր պայթել։
Ըստ ՆԳՆ-ի՝ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քնար Մանուկյան



























