Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի աշխատանքները շարունակվում են՝ անկախ նրա կալանավորումից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին կալանավորված է։ Նրա քաղաքական թիմակիցներն ու ընդդիմադիր մի շարք գործիչներ պնդում են, որ կալանավորումն անհիմն է և կրում է քաղաքական հետապնդման բնույթ։ Մինչդեռ իրավապահ մարմինները գործի շրջանակում ներկայացրել են իրենց մեղադրանքները, իսկ հարցը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների կենտրոնում։
Այս ֆոնին ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հատիս լեռան գագաթին իրականացվող շինարարական աշխատանքները չեն դադարեցվել։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցի համաձայն։
Ավելին, ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն պատվիրված է նաև Նոյյան տապանի կրկնօրինակը, որը նախատեսվում է տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանի հարևանությամբ՝ որպես համալիրի կարևոր բաղադրիչներից մեկը։
Մեր տեղեկություններով՝ Նոյյան տապանի կրկնօրինակը հնարավոր է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ավարտը, իսկ ամբողջ հուշարձանային համալիրի շինարարական և բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































