ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նոր խորհրդարանում այլևս պատգամավոր չէ։ ArmLur.am-ը ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Գևորգյանի ունեցվածքը։ Նա 2021 թվականի ընտրություններից հետո պատգամավոր է դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով և ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնեց 2021 թվականի օգոստոսի 2-ին։
Արմեն Գևորգյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում՝ աշխատելով նախագահի աշխատակազմում, լինելով ԱԱԽ քարտուղար, փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար։ 2018-2021 թվականներին ղեկավարել է «Արինս գրուպ» և «Արինս մենեջմենթ» ընկերությունները։
2021 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը․ 48.6 մլն դրամ եկամուտ
Արմեն Գևորգյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը ցույց է տալիս, թե ինչ գույքով և ֆինանսական միջոցներով է նա մտել խորհրդարան։ 2021 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ նրա անունով եղել են 9 միավոր անշարժ գույք, որից միայն հասանելի են Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում գտնվող երկու հողամասերի տվյալները։ Երկու հողամասերն էլ ձեռք են բերվել 2007 թվականին՝ գնման եղանակով։
Բանկային հաշիվներում նա ունեցել է ընդհանուր 7 մլն 382 հազար 492 դրամ և 3,342 ԱՄՆ դոլար։
Կանխիկ գումարի մասով Գևորգյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 1 մլն 850 հազար դրամ և 2750 ԱՄՆ դոլար։
Երկուսի դեպքում էլ եղել են նաև այլ միջոցներով, որոնք սակայն բաց չեն և չենք կարողանում տեսնել։
Հաշվետու ժամանակահատվածում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 48 մլն 686 հազար դրամ։ Դրանից 48 մլն 560 հազար 909 դրամը ստացել է «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 125 հազար 92 դրամը՝ «Արդշինբանկ»-ից որպես այլ եկամուտ։Շահերի հայտարարագրի համաձայն՝ այդ ժամանակ Գևորգյանը «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ում ունեցել է գործադիր տնօրենի կարգավիճակ։

2021 թվականի տարեկան հայտարարագիրը․ արդեն 52.6 մլն դրամ եկամուտ
2021 թվականի ամբողջ տարվա հայտարարագրում Գևորգյանի եկամուտը կազմել է 52 մլն 630 հազար դրամ։ Դրա հիմնական մասը՝ 48 մլն 560 հազար 909 դրամը, ստացել է «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ից, իսկ 3 մլն 810 հազար դրամը՝ Ազգային ժողովից։ Բանկերից ստացած այլ եկամուտը կազմել է շուրջ 257 հազար դրամ։
Գույքի առումով տարվա ընթացքում էական փոփոխություն չի արձանագրվել։ Նա շարունակել է տիրապետել 9 անշարժ գույքի։ Կանխիկ դրամով տարվա սկզբում նա ունեցել է 2 մլն 100 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է մինչև 1 մլն 250 հազար դրամ։ Կանխիկ դոլարը տարվա սկզբում և վերջում կազմել է 2750 դոլար։
2022 թվական․ 10.6 մլն դրամ եկամուտ և Lexus
2022 թվականի հայտարարագրում Արմեն Գևորգյանի գույքային պատկերը հիմնականում պահպանվել է։
Միաժամանակ հայտարարագրում արդեն նշվել է 2008 թվականի արտադրության Lexus ավտոմեքենան, որի նկատմամբ Գևորգյանը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետման կամ օգտագործման իրավունք է ունեցել։
Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել ընդհանուր 12 մլն 488 հազար 804.48 դրամ և 2,839.51 ԱՄՆ դոլար։
Կանխիկ միջոցների թվում եղել են 850 եվրո, 2750 դոլար և 1 մլն 250 հազար դրամ։
2022 թվականին Գևորգյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 10 մլն 642 հազար դրամ։ Դրանից 6 մլն 836 հազար 640 դրամը ստացել է ԱԺ աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 5000 եվրոյի նվիրատվություն Թամարա Գևորգյանից և 1.5 մլն դրամի նվիրատվություն Ժաննա Արսենի Գևորգյանից։ Բանկերից ստացած այլ եկամուտները կազմել են մոտ 185.8 հազար դրամ։
2023 թվական․ ավելի քան 14 մլն դրամ եկամուտ
2023 թվականի հայտարարագրում Գևորգյանի անշարժ գույքի պատկերը փոխվել է նշված է 4 միավոր անշարժ գույք։ Տրանսպորտային միջոցների մասով հայտարարագրում կրկին նշվել է 2008 թվականի արտադրության Lexus-ը, որը նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է։
Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել, մասնավորապես, 1 մլն 74 հազար 71 դրամ, 2 մլն 363 հազար 513.9 դրամ, 761 հազար 742.11 դրամ, 207 հազար 269.14 դրամ և այլ ավելի փոքր մնացորդներ, ինչպես նաև դոլարային միջոցներ։
Կանխիկ գումարը կազմել է 1 մլն 250 հազար դրամ, 850 եվրո և 2550 ԱՄՆ դոլար։
2023 թվականին Գևորգյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 14 մլն 7 հազար 752 դրամ։
2024 թվական․ 14.78 մլն դրամ եկամուտ
2024 թվականի հայտարարագրով Գևորգյանի հիմնական գույքը արդեն երկուսն է։ Գևորգյանի անունով սեփականության իրավունքով ավտոմեքենա չի հայտարարագրվել, սակայն կրկին նշվել է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2008 թվականի արտադրության Lexus-ին։
Բանկային հաշիվներում ընդհանուր առմամբ առկա է եղել 8 մլն 225 հազար 074.48 դրամ և 2,840.75 ԱՄՆ դոլար։
Կանխիկ միջոցների մասով տարվա վերջում նա ունեցել է 1000 եվրո, 1 մլն 250 հազար դրամ և 2500 դոլար։
2024 թվականի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 14 մլն 787 հազար 043 դրամ։
2025 թվական․ 18 մլն դրամ եկամուտ, 20 հազար եվրոյի վարկ և կնոջ բիզնեսները
2025 թվականի հայտարարագիրը ներկայացվել է 2026 թվականի մայիսի 25-ին։ Գույքի առումով էական փոփոխություն կրկին չի արձանագրվել։Կրկին 3 միավոր անշարժ գույք է նշված ։
Սեփականության իրավունքով մեքենա նրա անունով կրկին չի հայտարարագրվել, սակայն նշվել է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2008 թվականի արտադրության Lexus-ին։
Տարվա վերջի դրամային մնացորդների ընդհանուր գումարը՝ 4 մլն 981 հազար 126.58 դրամ և 2,477 դոլար։
Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբում Գևորգյանը հայտարարագրել էր 1000 եվրո, 1 մլն 250 հազար դրամ և 2500 դոլար։ Տարվա վերջում եվրոն և դոլարը զրոյացել են, իսկ դրամային կանխիկը նվազել է մինչև 150 հազար դրամ։
2025 թվականին նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 18 մլն 23 հազար 802 դրամ։
Վերջին հայտարարագրի առավել ուշագրավ հատվածներից մեկը կնոջ՝ Թամարա Գևորգյանի բիզնես մասնակցություններն են։ Նա «ԱրմՊերֆեկտա» ընկերությունում ունի 50 տոկոս մասնակցություն, «ՕՖՏՕՄԱ» ՍՊԸ-ում՝ 70 տոկոս, «ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ-ում՝ 15 տոկոս, իսկ «ԷԼՏԻԳ» ՍՊԸ-ում՝ 33 տոկոս մասնակցություն։
Ինչ ունեցվածքով է հեռանում
Այսպիսով, Արմեն Գևորգյանի՝ 2021-2025 թվականների հայտարարագրերի համադրությունից երևում է, որ նրա հիմնական անշարժ գույքը այս ամբողջ ժամանակահատվածում նվազել են ։ Նրա անունով սեփականության իրավունքով ավտոմեքենա չի հայտնվել, սակայն 2022 թվականից հայտարարագրերում շարունակաբար նշվում է 2008 թվականի արտադրության Lexus-ի նկատմամբ 90 և ավելի օր փաստացի տիրապետման հանգամանքը։
Եկամուտների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021 թվականին՝ 52.63 մլն դրամ, երբ Գևորգյանը դեռևս ստանում էր «Արինս Մենեջմենթ»-ից աշխատավարձ։ Հետագա տարիներին նրա հիմնական եկամուտը եղել է պատգամավորական աշխատավարձը և եկամուտները նույնպես նվազել են ։
Այս գույքային և ֆինանսական պատկերի պայմաններում է Արմեն Գևորգյանը ավարտում 2021 թվականին սկսած պատգամավորական գործունեությունը՝ չընդգրկվելով նոր խորհրդարանում։

Սոնա Գրիգորյան























































































