ArmLur.am-ը այս անգամ հանրությանն է ներկայացնում, թե ով է ՄՍԾ պետի տեղակալ Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք է նա հայտարարագրել։
Արամ Միրիջանյանը 2025 թվականի սեպտեմբերի 16-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալն է։ Մինչ այդ նա շուրջ 15 տարի աշխատել է «Հերացի» հիվանդանոցային համալիրում՝ որպես վիրաբույժ, այնուհետև զբաղեցրել է բժշկական կենտրոնների ղեկավար պաշտոններ։
Միրիջանյանը 1998-2004 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, իսկ 2004-2007 թվականներին նույն բուհում անցել է կլինիկական օրդինատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ։
2007 թվականից նա աշխատել է «Հերացի» հիվանդանոցային համալիրում՝ որպես վիրաբույժ, իսկ 2007 թվականին նաև դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2022-2023 թվականներին եղել է «Թիվ 22 պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2023-2024 թվականներին՝ «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն։ 2024-2025 թվականներին աշխատել է «Երևան» բժշկագիտական կենտրոնում՝ բուժական գծով տնօրենի տեղակալ։
2025 թվականի սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՄՍԾ պետի տեղակալ։
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել
ArmLur.am-ը ուսումնասիրել է Արամ Միրիջանյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագիրը։
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Միրիջյանի անունով եղել է Երևանի տարածքում գտնվող հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք և անհատական բնակելի տուն։ Դրանք ձեռք են բերվել 2018 թվականին՝ նվիրատվության եղանակով։
Նա ունեցել է նաև բնակարանի 1/7 բաժնեմաս, որը ձեռք է բերել դեռևս 1994 թվականին, ինչպես նաև 2024 թվականին գնված համատեղ սեփականությամբ բնակարան։
2025 թվականին Միրիջանյանը վաճառել է հողամասը՝ 14 մլն 313 հազար 898 դրամով, հողին ամրակայված այլ անշարժ գույքը՝ 259 հազար 755 դրամով, իսկ անհատական բնակելի տունը՝ 25 մլն 254 հազար 460 դրամով։ Երեք գույքի վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 39 մլն 828 հազար 113 դրամ։
Բացի այդ, 2025 թվականի դեկտեմբերի 5-ին նա համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել։ Գույքի հայտարարագրված արժեքը կազմել է 31 մլն 450 հազար դրամ։
Վաճառել է նաև Mercedes-Benz-ը
Միրիջանյանը 2025 թվականի ընթացքում վաճառել է 2022 թվականի արտադրության «Mercedes-Benz» ավտոմեքենան։ Այն 2025 թվականի ապրիլի 23-ին վաճառել է 16 մլն 575 հազար դրամով։
Տարվա վերջի դրությամբ նրա անունով տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։
100 մլն դրամից ավելի եկամուտ
2025 թվականի ընթացքում Միրիջանյանի ընդհանուր եկամուտը կազմել է 100 մլն 826 հազար 378 դրամ։
Աշխատանքի վարձատրությունից նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից ստացել է 3 մլն 204 հազար 624 դրամ, «Երևան» բժշկական կենտրոնից՝ 9 մլն 625 հազար 831 դրամ, իսկ Միասնական սոցիալական ծառայությունից՝ 2 մլն 394 հազար 991 դրամ։
Եկամուտների զգալի մասը կազմել են գույքի օտարումից ստացված գումարները։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից նա ստացել է 36 մլն 180 հազար 981 դրամ, իսկ Վահագն Արմենի Գրիգորյանից՝ 16 մլն 575 հազար դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից։
Նա նաև հայտարարագրել է եկամտային հարկի վերադարձից ստացած 3 մլն 824 հազար 123 դրամ և ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած 217 հազար 364 դրամ այլ եկամուտ։
Բանկային հաշիվներն ու վարկերը
Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 0 դրամից տարեվերջին հասել է 1 մլն 640 հազար 624 դրամի։
Միևնույն ժամանակ կանխիկ դրամական միջոցները նվազել են՝ 12 մլն 100 հազար դրամից հասնելով 8 մլն 400 հազար դրամի։
Միրիջանյանը հայտարարագրել է նաև «ԱԿԲԱ բանկից» 6 մլն 481 հազար 809 դրամի, «Արդշինբանկից»՝ 2 մլն 824 հազար 710 դրամի, իսկ «Ամերիաբանկից»՝ 19 մլն 496 հազար 945 դրամի վարկեր։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 33 մլն 563 հազար 255 դրամ։ Դրանցից 32 մլն 24 հազար 255 դրամը հիպոթեքային վարկ է, որի առարկան բնակարանն է։
Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումների համար Միրիջանյանը ծախսել է 19 մլն դրամ։
Սոնա Գրիգորյան






















