Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ Լիլիթ Մակունցի տեղակալ․ ի՞նչ ունեցվածք ունի նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք արդեն նոր պաշտոն ստացած, նախկին պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի՝ 2025 թվականի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Լիլիթ Մակունցի տեղակալի պաշտոնում։

Մինչ այդ նա զբաղեցնում էր Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, որը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին։

Նրա 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Տիգրանյանն ունի երկու անշարժ գույք՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի։ Երկու գույքն էլ համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվել 2019 թվականի մարտի 20-ին։ 2025 թվականին նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և ունեցած գույքից որևէ մեկը չի օտարել։

Տիգրանյանը հայտարարագրել է նաև 1994 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել դեռևս 2011 թվականի ապրիլի 23-ին։

Նախկին պատգամավորի բանկային հաշիվներում 2025 թվականի տարեվերջին առկա է եղել ընդհանուր առմամբ մոտ 3 մլն 972 հազար դրամ։ Տարվա սկզբին նրա հաշիվներում առկա գումարները զգալիորեն ավելի փոքր են եղել։ Միաժամանակ, տարվա սկզբին հայտարարագրված 2 մլն 300 հազար դրամ կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 1 մլն 500 հազար դրամ։

2025 թվականի ընթացքում Հերիքնազ Տիգրանյանի ընդհանուր եկամուտը կազմել է 18 մլն 358 հազար 919 դրամ։ Դրանից 16 մլն 303 հազար 116 դրամը ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։ Եվս 2 մլն 22 հազար 563 դրամ նա ստացել է Պետական եկամուտների կոմիտեից՝ որպես այլ եկամուտ, իսկ 33 հազար 240 դրամ՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանից։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Տիգրանյանն ունեցել է նաև 19 մլն 253 հազար 183 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Հայտարարագրում նշված է, որ վարկի նպատակային նշանակությունը բնակարանի ձեռքբերումն է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս