Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ինստագրամում, ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի Կեմերովո քաղաքում բնակվող բլոգեր Միլենա Պետրոսյանի հայազգի ամուսնու՝ Թաթուլ Պետրոսյանի մահվան դեպքը։ Դեպքը լայն արձագանք է ստացել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում․ օգտատերերը քննադատական տեսանյութեր են հրապարակում՝ անդրադառնալով զույգի ընտանեկան հարաբերություններին և մահվան հանգամանքների վերաբերյալ տարածվող հայտարարություններին։
Միլենա Պետրոսյանը, որը ազգությամբ ռուս է , սակայն վերցրել է ամուսնու ազգանունը, սոցիալական ցանցերում հաճախ էր հրապարակում ամուսնու հետ տեսանյութեր՝ ներկայացնելով իրենց հարաբերությունները որպես երջանիկ և սիրառատ։ Տեսանյութերում երևում էին նաև Թաթուլի՝ կնոջը նվիրած մեծ ծաղկեփնջերն ու թանկարժեք նվերները։
Իրավիճակն ավելի մեծ արձագանք է ստացել Թաթուլի քրոջ՝ Նարինեի հայտարարությունից հետո։ Նա պնդել է, որ եղբոր ամուսնական կյանքում խնդիրներ են եղել, և մեղադրել է Միլենա Պետրոսյանին՝ պնդելով, որ վերջինս դավաճանել է եղբորը նրա մտերիմ ընկերոջ հետ, որը ևս ըստ տեղեկությունների կրկին հայազգի է։ Քույրը նաև նշել է, որ եղբոր հետ վերջին զրույցի ընթացքում նրան խորհուրդ է տվել բաժանվել կնոջից և ապրել հանուն երեխաների։
Նարինեն հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Կեմերովո և խոսել եղբոր մահվան հանգամանքների մասին։ Նա նաև հայտարարել է, որ իր համոզմամբ՝ եղբոր մահվան համար պատասխանատու անձինք պետք է պատասխան տան։
Միլենա Պետրոսյանն իր հերթին արձագանքել է քննադատություններին՝ նշելով, որ մարդիկ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց ընտանիքում փակ դռների հետևում, և լսել են միայն մի կողմի տեսակետը։
«Թույլ տվեք ապրել այս ցավը, ինձ ժամանակ է պետք։ Ես մայր եմ ու միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»,- գրել է նա։
Այսպիսով, Թաթուլ Պետրոսյանի մահվան դեպքը շարունակում է քննարկվել սոցիալական ցանցերում։ Մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ այս հրապարակումներում չեն ներկայացվել։
Սոնա Գրիգորյան




























